Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Չինաստանի արտգործնախարար Վան Ին միջազգային հանրությանը հորդորել է կառուցել «դիմադրողականության մեծ պատ»՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարելու համար:
«Մենք պետք է միասին դիմագրավենք սպառնացող մարտահրավերները: Ամենահրատապ առաջնահերթությունը «իմունիտետի մեծ պատ»-ի կառուցումն արագացնելն է՝ վիրուսը կանխելու, միջազգային հակահամաճարակային համագործակցություն իրականացնելու համար»,- ասել է ՉԺՀ արտգործնախարարը:
Չինաստանը, որի Ուհան քաղաքում էր 2019-ի վերջին հայտնաբերվել կորոնավիրուսը, ավելի քան 480 միլիոն չափաքանակ պատվաստանյութ է մատակարարել աշխարհի տասնյակ պետությունների:
Վան Ին հավելել է, որ շարունակելու են աշխատել զարգացող երկրներում պատվաստանյութերի մատչելիությունն ապահովելու ուղղությամբ:
Չինաստանից առաքված «Սինոֆարմ» եւ«Սինովակ» տեսակի պատվաստանյութերի մեկ միլիոն չափաքանակ արդեն իսկ երեկ հասել է Վրաստան: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Վրաստան կառաքվի չինական պատվաստանյութի ևս մեկ միլիոն դեղաչափ։