ՀՀ Կառավարությունը հայտնել է, որ այսօր ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Նրանք Շիրակի մարզից են:
«Հայկական կողմը որպես բարի կամքի դրսեւորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ»,- հայտնել է Հայաստանի Կառավարությունը` ներկայացնելով հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները.
Հակոբյան Վոլոդյա Վաչագանի, Ասատրյան Գեւորգ Նորայրի,Գասպարյան Գոռ Վահրամի, Ենգոյան Սիսակ Գրիշայի, Կարապետյան Յուրի Տիգրանի, Մահտեսյան Էդգար Վաչագանի, Մինասյան Արամ Գառնիկի, Մինասյան Մկրտիչ Սիմոնի, Պետրոսյան Ալբերտ Կամոյի, Պողոսյան Արմեն Եղիազարի, Սեդրակյան Ռոմիկ Միսակի, Սեֆիլյան Կամո Կարենի, Ասլանյան Եղիշ Հովհաննեսի, Գեւորգյան Գրիգոր Գեորգիի, Մանուկյան Անդրանիկ Տիգրանի:
ՀՀ Կառավարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին միջնորդական դերակատարման համար։
Գերիները Հայաստան են վերադարձել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաստատել էր այս լուրը` նշելով, որ վերադարձնում է 15 հայերի, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման, եւ որոնց պատժի ժամկետը լրացել է:
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում ավարտվել է քրեական գործերից մեկի քննությունը։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի 14 ռազմագերիներից 12-ը Բաքվում երեկ դատապարտվեցին 6-ամսյա, իսկ 2-ը՝ Հրաչ Ավագյանը եւ Գեղամ Սերոբյանը, 4 տարվա ազատազրկման։
Հունիսի 12-ին Հայաստան է վերադարձել 15 գերի, իսկ հայկական կողմը Բաքվին է փոխանցել Աղդամի ականապատման քարտեզը։ Այսպիսով՝ պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 103 գերի, նաեւ Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլեւ Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։