ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ արտգործնախարարներ Ալեքսանդր Շալենբերգի (Ավստրիա), Գաբրիելիուս Լանդսբերգիսի (Լիտվա) եւ Բոգդան Աուրեսկուի (Ռումինիա) Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ հանուն համապարփակ եւ կայուն կարգավորման ԵՄ-ն պատրաստ է ավելի լայն փոխգործակցության:
Եմ բարձրագույն հանձնակատար նշել է, որ Հարավային Կովկասը ԵՄ-ի համար կարեւոր է՝ ԵՄ-ն Ասիային կապող տրանսպորտային միջանցքների եւ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման տեսանկյունից: Նա հավելել է, որ պետք է ամրապնդել տարածաշրջանի դերը` որպես փոխկապակցման հանգույց:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելը մնում է համապարփակ եւ կայուն կարգավորման հասնելու լավագույն միջոցը: Սակայն, մենք ցանկանում ենք ավելի օգտակար լինել եւ պատրաստ ենք անել ավելին»,- ընդգծել է Բորելը:
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանին 1,5 միլիարդ եվրո կհատկացնի առաջիկա 5 տարում մի շարք ծրագրերի իրականացման, դրանց թվում՝ Սյունիքի մարզի զարգացման համար։