ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին եւ ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը Բաքվին։
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից եւս 15 հայ բանտարկյալների ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: Հուսով եմ, որ վստահության ամրապնդումը կարող է ճանապարհ հարթել դեպի կայուն կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը եւս ողջունել է Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը եւՀայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը:
«Հիանալի նորություններ Բաքվից եւ Երեւանից։ Լավ է, որ ավելի շատ ձերբակալվածներ ազատ արձակվեցին։ Կարեւոր է նաեւ, որ ականապատ տարածքների քարտեզներ են տրամադրվել, ինչը կօգնի կանխարգելելու հնարավոր դժբախտ դեպքերը»,- թվիթերյան իր էջում գրել է Կլաարը։