Իսրայելում գործարկել են աշխարհում արհեստական մսի աճեցման առաջին արդյունաբերական հոսքագիծը։ Ամերիկյան վերլուծական Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Future Meat Technologies ընկերությունը խոստանում է օրական 500 կգ սինթետիկ միս արտադրել. սա պետք է բավարարի 3000 համբուրգեր պատրաստելու համար։
Արհեստական միսը ստացվում է հատուկ կենսառեակտորներում։ Դրանց մեջ տեղադրում են կենդանի բջջային կուլտուրաներ, որոնք սնվում են նրանով, ինչով կերակրում են կենդանիներին։ Բջիջներն այնքան են բազմացնում, մինչեւ դառնան ուտելի մսի կտորներ։
Իսրայելական սթարթափի մասնագետները նշել են, որ նոր մեթոդը մեծ տարածքներ չի պահանջում, ինչպես նաեւ տնտեսում է ջուրը, որն անհրաժեշտ ռեսուրս է ավանդական անասնաբուծության համար։
Future Meat Technologies-ի մսի մյուս առավելությունն այն է, որ արտադրությունը 20 անգամ ավելի արագ է, քան կենդանիների բուծումն ու սպանդը։
3D միս
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի՝ տեխնոլոգիական եւ թվային զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ն. Պեսկովը հայտարարել էր, որ սնունդ տպող տպիչները մոտ ապագայում նույնքան հասանելի կդառնան ՌԴ բնակչության համար, որքան, օրինակ՝ փոշեկուլներն ու սառնարանները։
Ըստ Ռիա Նովոստիի՝ եռաչափ տպագրության եղանակով ուտելի արտադրանքի պատրաստումն արդեն այսօր էլ իրականություն է, սակայն նման տեխնոլոգիաները դեռեւս զանգվածային չեն կիրառվում:
Պեսկովը նշել է, որ սննդամթերքի 3D տպագրությունը զանգվածային տեխնոլոգիա դարձնելու համար անհրաժեշտ է զուգահեռաբար զարգացնել արհեստական մսի արտադրությունը։
«Այժմ մենք սկզբնական փուլում ենք, բայց կարծում եմ, որ արդեն հինգ-յոթ տարի հետո կհայտնվեն այնպիսի լուծումներ, որոնք տեղ կգտնեն շատ ռուսաստանցիների խոհանոցներում»,- «Մարդկության ապագան եւ «կանաչ էներգետիկայի» ապագան» խորհրդաժողովում շեշտել է Վլադիմիր Պուտինի՝ տեխնոլոգիական եւ թվային զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչը:
Պեսկովը շեշտել է, որ սննդամթերքի ստացման նոր տեխնոլոգիաները թույլ կտան նվազեցնել ածխածնային հետքը, քանի որ սնունդը հիմնականում արտադրվելու է բուսական հիմքով: Պեսկովի կարծիքով՝ ապագայում 3D տպիչով սննդի տպագրության համար անհրաժեշտ բաղադրիչները նույնպես բավական մատչելի կլինեն։