Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուին հայտարարել է, որ Իրանի գործողությունները համահունչ են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին եւ Անվտանգության խորհրդի 2231-րդ բանաձեւի 26-րդ եւ 36-րդ հոդվածներին, բայց ԱՄՆ-ը չի ցանկանում հրաժարվել առավելագույն ճնշման քաղաքականությունից:
Անդրադառնալով 2231-րդ բանաձեւի գործադրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջերս անցկացված նիստին եւ շեշտելով Միացյալ Նահանգների ու Իրանի վերադարձը այս համաձայնագրին եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացումը՝ Աբոլֆազլ Ամուին ընդգծել է. «Բանաձեւի թերի կատարման հիմնական պատճառներից մեկը Միացյալ Նահանգների անօրինական գործողությունն է»:
«Թեև ամերիկյան բոլոր քաղաքական գործիչները խոստովանել են, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողված էր, սակայն այդ քաղաքականության մաս կազմող պատժամիջոցների նկատմամբ ԱՄՆ-ում գոյություն ունի հատուկ վերաբերմունք: Հենց այս հիմքով մենք, հավատարիմ մնալով 2231-րդ բանաձեւին, փաստեցինք, որ մյուս կողմը չի կատարել իր պարտավորությունները»:
Ամուին հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է ավելացնի ճնշումն Արեւմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների վրա, որը դժվարացրել է բանաձեւի ճշգրիտ իրականացումը, եւ ստիպի վերադառնալ իրենց պարտավորություններին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ 2231-րդ բանաձեւով ամրագրվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ միջազգային միջնորդ «վեցնյակ»-ի կողմից ընդունված Միջուկային համապարփակ համաձայնագիրը: Բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին պարտավորեցնում է համաձայնագրի իրագործման կապակցությամբ 6-ամսյա պարբերականությամբ զեկույց ներկայացնել ԱԽ-ին:
Իրանի դեմ պատժամիջոցներն ազդեցիկ չեն
Ըստ ամերիկյան «Հիլ» պարբերականի՝ Թրամփի նախագահության օրոք ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունն ապարդյուն էր ու ազդեցիկ չի եղել եւ այդպես է լինելու նաեւ Բայդենի նախագահության օրոք:
Հոդվածագիր Բրայան Բումանը, քննադատելով Բայդենի սադրիչ ու թշնամական քայլերը, գրել է, որ դիվանագիտությունը Իրանի միջուկային խնդրի դեմ առճակատվելու լավագույն տարբերակն է:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ն վերականգնելու նպատակով Վիեննայում բանակցությունների 7-րդ փուլի իրականացման հավանականությանը՝ պարբերականը գրել է. «Իրան-ԱՄՆ դիվանագիտության հարցում ԱՄՆ-ը ճակատագրական պահի է հասել, որը կարող է կարեւոր հետեւանքներ ունենալ Արեւմտյան Ասիայի ապագայի համար»:
«Հիլ»-ը ընդգծել է, որ թեւ Իրանի ժողովուրդը ծանր է վճարել, սակայն ԻԻՀ-ը դեռ դիմակայում է ԱՄՆ-ի ճնշումներին, իսկ պատժամիջոցներն առավել քան երբեւէ հակաամերիկյան զգացումներ են առաջացրել Իրանի ժողովրդի մեջ:
Կարգավորել Իրանի հետ միջազգային առեւտրային համագործակցությունը
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ն կվերակենդանանա՝ հավելելով, որ անհրաժեշտ է Իրանի հետ միջազգային առեւտրային համագործակցության կարգավորման համար պայմաններ ստեղծել:
«Ռուսաստանը շահագրգռված է ՀԳՀԾ-ի գործադրումը կայուն եւ կանխատեսելի հուն վերադարձնել եւ պայմաններ ստեղծել տնտեսության, առեւտրի եւ գիտատեխնիկական բնագավառներում Իրանի հետ միջազգային համագործակցության կարգավորման համար»,- ընդգծել է Զախարովան։
Նա նշել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել՝ հավելելով. «Բանակցությունները կավարտվեն մինչ ՀԳՀԾ-ի ստորագրման վեցերորդ տարեդարձը` հուլիսի 14-ը»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն էլ պնդում է, որ ցանկանում է Վիեննայում ընթացող բանակցությունների միջոցով Վաշինգտոնի համար ճանապարհ հարթել ՀԳՀԾ-ին վերադառնալու, սակայն Իրանը ցանկանում է ավելի շատ երաշխիքներ ստանալ, քանի որ Վաշինգտոնը բազմիցս խախտել է պարտավորությունները: