Սահմանադրական դատարանը հուլիսի 9-ին կմիավորի ինչպես խորհրդարան անցած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, այնպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող չորս դիմումները եւ կքննի դատարանի նույն նիստում։
Դատավարությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:
Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հարակից պատասխանողներն են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:
«Հայաստան» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց է համարում՝ պնդելով, թե լուրջ հիմքեր ունեն այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու եւ հայտարարելու, եւ որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը:
Ըստ դաշինքի՝ գործել է շրջիկ խմբերի կեղծարարության համակարգ: Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան: