Վստահ չեմ, որ այդպես է եղել, բայց շատերից եմ լսել, որ Շուշիի ազատագրման գործողությունից առաջ Պարգեւ սրբազանի հորդորով Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվել է Լենինի արձանը:
1992-ի ամառային մի ծանր առավոտյան, երբ աշխատանքի էի գնում հանրապետական թերթի խմբագրություն, տեսա, որ «Կովկասի Լենին» Ստեփան Շահումյանի արձանը տապալված է, ջարդված: Կարճ ժամանակ անց տեղում հուշաքար տեղադրվեց՝ գրությամբ, որ փոխարենը կկանգնեցվի պատերազմում զոհվածների հիշատակի Հուշարձան:
1998-ին, երբ Ստեփանակերտն առաջին անգամ քաղաքապետ ընտրեց, եւ կազմակերպվեց մեծ տոնախմբություն, մի առիթն էլ Շահումյանի արձանի վերականգնումն էր: Խորհրդային քանդակագործի (եթե չեմ սխալվում՝ ադրբեջանցի է) մտահղացումն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի փրկությունը եկել է արդեն բոլշեւիկյան Ադրբեջանից, եւ արձանը կանգնեցվել էր այնպես, որ Շահումյանի հայացքն ուղղված լինի դեպի Արեւելք, դեպի «հեղափոխական-ինտերնացիոնալ Բաքու»:
Վերականգնողները ոչ մի փոփոխություն չեն կատարել (Կարծեմ՝ միայն պատվանդանի ետնամասից քերել-ջնջել են ադրբեջանցի քանդակագործի եւ ճարտարապետի անունները): Ստացվել է խորհրդանշական խզում. փողոցը կոչվում է Ազատամարտիկների, բայց սկսվում է (կամ՝ ավարտվում) Շահումյանի արձանով, որի թիկունքում էլ Վազգեն Սարգսյան փողոցն է:
Իսկ պատերազմում զոհվածների հիշատակի Հուշարձան Ստեփանակերտում այդպես էլ չկանգնեցվեց: Մայիսի 9-ին պետական այրերը, հանրության ներկայացուցիչներն այցելում են քաղաքային հուշահամալիր, որ կառուցվել է 1975-ին՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 30-ամյակի:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարզային հիվանդանոցը զինվորական հոսպիտալ է եղել, վիրավորներից ոմանք մահացել են, հուղարկավորվել հարակից պարապուտում: Այդ եղբայրական գերեզմանոցի հարեւանությամբ էլ կառուցվել է հուշահամալիրը: Ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկներ էլ են հուղարկավորվել այնտեղ: Եվ ստացվել է, որ Հայրենական մեծ եւ Ղարաբաղյան պատերազմի զոհերը ննջում են կողք կողքի։ Պետական արարողակարգն էլ ֆաշիզմի դեմ հաղթանակը եւ Շուշիի ազատագրման տոնն էր միավորել:
Ահա այսպիսի խորհրդային-արցախյան խառը արարողություն, որտեղ ամեն ինչ հարմարեցված էր Марш победы-ի կամ Этот день победы երգի ռիթմին՝ Լեւ Լեշչենկոյի կատարմամբ:
Ղարաբաղյան առաջին պատերազմի Հաղթանակն, ահա, Ստեփանակերտում իր խորհրդանիշը չունեցավ: Մենք չբարձրացրինք մեր Հաղթակամարը, որտեղ կարող էինք ուղեկցել հյուրերին: Որտեղ զբոսաշրջիկները կլուսանկարվեին եւ կտարածեին աշխարհով մեկ: Որտեղ մենք կգնայինք դժվար խոկումների մի ժամի: Որտեղ զբոսանքի կտանեինք մեր թոռներին եւ կպատմեինք պատերազմի չարիքների, հաղթանակ կերտած աշխարհազորայինի եւ գալիք խաղաղության մասին:
Չհամարձակվեցի՞նք այդքան բացճակատ հարաբերվել թշնամի երկրի եւ մնացյալ աշխարհի հետ, թե՞ ծուլացանք: Թվում է՝ հարմարվեցինք, ընդունեցինք այն խորհրդապաշտությունը, որ աշխարհի մեկ վեցերորդ մասը զբաղեցնող երկիրն ունի եւ անվանում է «ընդհանուր պատմություն»:
Բայց չէ՞ որ այդ խորհրդապաշտությունը Բաքվում չէր հարգվում: Կիրովի ապամոնտաժված արձանի տեղում նրանք կանգնեցրել էին «թուրք ազատարար զինվորի» մոնումենտը, ավերել 26 կոմիսարների հուշահամալիրը, Գանձակում՝ մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Ճիշտ է, Ստեփանակերտում էլ Ազիզբեկովի «գլուխն էին թռցրել, բայց դա ոչ թե քաղաքակրթական ընտրություն էր, այլ տուրք «հավուրպատշաճությանը»:
Խորքային առումով Ստեփանակերտը նույն մարզկենտրոն քաղաքն էր: Քսանվեց տարում մենք որեւէ կոթողային՝ դարաշրջան խորհրդանշող կառույց այդպես էլ չունեցանք: Ընդհակառակը, կորցրինք դրամատիկական թատրոնի շենքը, որ խորհրդային Ստեփանակերտի թերեւս միակ հայկականություն տարածող ճարտարապետական խորհրդանշանն էր՝ իր խորհրդավորությամբ եւ զսպանակված կարծրությամբ:
Չգիտեմ՝ հանգամանքներն այլ կերպ կդասավորվեի՞ն, եթե Շահումյանի արձանի տեղում վեր խոյանար առաջին պատերազմում զոհվածների հիշատակը եւ հաղթանակը խորհրդանշող մոնումենտը: Գուցե աղետից խուսափելու համա՞ր է, որ մենք Հաղթակամար չենք կանգնեցրել: Դժվար է միանշանակ պնդում անել, բայց անկախ ամեն ինչից՝ քաղաքը պետք է ունենա ճարտարապետական ինքնություն, ազգային դիմագիծ:
Ստեփանակերտը կոսմոպոլիտ քաղաք էր, այդպիսին էլ մնում է առայսօր: Կոլորիտային մի փողոց վերականգնվել է: Քառասունչորսօրյա պատերազմից առաջ այնտեղ երեկոները երիտասարդություն էր հավաքվում: Այսօր չգիտեմ: Քաղաք դուրս գալու ցանկություն չկա, ոչ էլ առիթ: Բայց այստեղից էլ՝ Ստեփանակերտի հայտնի «կոլցեւոյից» զգում եմ պղնձաձույլ Ստեփան Շահումյանի հայացքի ծանրությունը, որ տարածվում է Ազատամարտիկների փողոցն ի վար, դուրս հորդում քաղաքի շրջագծից եւ ձգվում դեպի արեւելք, որտեղ Կասպից ծովն է, Բաքուն:
Ի՞նչ մղումով են 1998-ին Արցախի մայրաքաղաքի վրա վերակենդանացրել «Կովկասի Լենինի» շունչը: Դա խորհրդանշանայի՞ն էր: Շահումյանը պիտի մնա՞ իր տեղում, թե՞ եկել է զոհվածների հիշատակի Հուշարձան կանգնեցնելու ժամանակը: Ծանրածանր հարցադրում է, գիտեմ: Բայց մենք դատապարտված ենք ոչ միայն բարձրաձայնելու, այլեւ պատասխան գտնելու:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։