«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ 15 քաղաքացիների ազատումը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ընդգծել է, որ այս, ինչպես նաեւ հունիսի 11-ին տեղի ունեցած փոխանակումները կարեւոր քայլ են կողմերի միջեւ լարվածության նվազեցման եւ վստահության վերականգնման ուղղությամբ:
«Ֆրանսիան հորդորում է կատարել 2020-ի նոյեմբերի 9-ին կողմերի ստանձնած պարտավորությունները, այդ թվում վերականգնել բովանդակալից երկխոսությունը եւ ազատել բոլոր հայ գերիներին»,- նշված է հայտարարության մեջ:
Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է արել շարունակելու այս դրական դինամիկան եւ վերահաստատել է Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը նպաստելու իր պատրաստակամությունը։