ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնել են, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 3-ին հայտարարել էր, որ Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է եւ չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրությանը:
Ըստ Զասի՝ հակամարտության սրացում չկա, եւ բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջը:
Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձեւակերպումների եւ գնահատականների կապակցությամբ:
ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տեւական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ ինքնիշխան տարածքը:
Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են՝ Արմեն Գրիգորյանը դարձյալ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձեւակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը իր հերթին նշել է, թե ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրը կկարգավորվի այլ գործիքակազմով՝ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան կամ Բելառուս-Հայաստան, Բելառուս-Ադրբեջան եւ նման այլ երկկողմ բանակցությունների միջոցով։
Պատգամավորն ասել է, որ չի բացառվում այդ հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելը։
ՀԱՊԿ-ի նմանօրինակ պատասխանը տվյալ կառույցից դուրս գալու շատ լուրջ պատճառ համարող քաղաքական գործիչներին Եղոյանը հորդորել է ողջախոհ լինել։
«Ես կխնդրեի լինել ողջախոհ։ Թող մի պահ պատկերացնեն, որ իրենք են իշխանության։ Լավ է, թե վատ է, մենք այդ անվտանգային համակարգում ենք»,- ընդգծել է պատգամավորը։