Գեղարքունիքի մարզի Արեգունի բնակավայրում օրերս գյուղի անասնահամաճարակային նշանակության առաջին գերեզմանոցն է հիմնվել, որտեղ այրվել եւ հուղարկավորվել են Արեգունիում սիբիրախտից անկված մի քանի ոչխար: Տարածքը կբետոնապատվի, կցանկապատվի, եւ կենդանիների ու մարդկանց մուտքն այնտեղ կարգելվի։ Այն համապատասխան մարմինների մշտական դիտարկման տակ կմնա անասնագերեզմանոցների համար օրենքով սահմանված կարգով:
Գեղամասար խոշորացված համայնքի մեջ մտնող Արեգունի, Փամբակ եւ Դարանակ գյուղերի անասնաբույժ Աշոտ Հովհաննիսյանը նման վայրերի մասին մինչեւ այսօր միայն տեսական գիտելիք ուներ։ 2013-ից է անասնաբույժ աշխատում, բայց վարակի պատճառով հիմնված անասնագերեզմանոց չէր տեսել, իր գործունեության ընթացքում նա առաջին անգամ է նաեւ հանդիպում սիբիրախտով հիվանդ ոչխարների։ Առաջին անգամ էլ օրերս պատվաստել է ոչխարներին սուր վարակիչ այդ հիվանդության դեմ: Մինչեւ հիմա խոշոր եղջերավորներն էին տարին չորս անգամ (տարբեր տարիքներում) ստանում սիբիրախտի դեմ պատվաստը. ասում է՝ ոչխարները սիբիրախտի պատվաստումների պլանային ծրագրում չկային:
«Հրահանգ ստացանք, որ այս շրջանում ոչխարներին պատվաստենք: Այսօր ոչխարների վերջին խմբաքանակը կպատվաստեմ, եւ բռնկված օջախի դեմ մեր պայքարը կհամարեմ հաջողված»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է անասնաբույժ Աշոտը:
Արեգունիում հիվանդ ոչխարներ նկատվել են մոտ քսան օր առաջ, պիրոպլազմոզի դեմ սրսկում են կատարել, մոտ տասն օր անկում չի եղել։ Տասն օրից նորից հիվանդ ոչխարներ են եղել, եւ քանի որ Գեղարքունիքի մարզում արդեն կային սիբիրախտի դեպքեր, նմուշառում է կատարվել մի սատկած ոչխարից, հաստատվել է սիբիրախտը, մյուս սատկածներից նմուշ չեն վերցրել:
«Արդեն պարզ էր, որ սիբիրախտ է: Այդպես համարձակ չենք կարող ամեն սատկածից նմուշ վերցնել, քանի որ նմուշառման ժամանակ վտանգ կա կենդանուց վարակը մարդուն անցնելու: Եթե մարդու մաշկի վրա մի թեթեւ վնասվածք էլ լինի, եւ կենդանու հեղուկը կպչի, ապա անպայման մարդն էլ կվարակվի: Մարդուն վարակը անցնում է նաեւ մորթի ժամանակ, եթե մարդու մաշկի ամբողջականությունը խախտված է: Շատ զգույշ ենք այդ առումով, եւ ուրախությամբ կարող եմ ասել, որ մեզ մոտ թեև սիբիրախտը հաստատվեց, բայց ոչ մի մարդ չվարակվեց»:
Աշոտը հետեւում է Շիրակի եւ Գեղարքունիքի մարզի սիբիրախտի մյուս դեպքերին, կարծում է, որ բռնկման պատճառը եւ նաեւ մարդկանց մոտ սիբիրյան խոցերի առաջացումը եղել են անզգուշության, ինչ-որ տեղ անտեղյակության, անասնաբույժի հետ չհամագործակցելու պատճառով: «Իմ կողմից սպասարկվող գյուղերում, օրինակ, գիտեն, որ եթե կենդանին սատկում է, ոչինչ չեն անում, մինչեւ չմոտենամ: Արագ տեղեկացնում են, համագործակցում են ինձ հետ, եթե ասում եմ՝ հիվանդ կենդանին պիտի մեկուսացվի, մեկուսացվում է, եթե պետք է նախիրի հետ չգնա, մնում է գոմում: Միսը չի օգտագործվում, կաթը չի օգտագործվում, տարածքները ախտահանվում են, մինչեւ հասկանանք՝ ինչ հիվանդ է: Չէ՛, լսում են, զգուշանում են…»,- ասում է անասնաբույժը:
Սիբիրախտի հարուցիչները նաեւ հողում են լինում, Հայաստանում տարբեր տարիների սիբիրախտի օջախներ են բռնկվել, հարուցիչը կայուն թաղանթով է պատված, հողում եւ ջրում տասնյակ տարիներ կարող է մնալ, ուստի արոտավայրերն անապահով տարածքներ են համարվում, ահա ինչու այդ հիվանդության դեմ պատվաստումները խոշոր եղջերավորների շրջանում Հայաստանում պարտադիր է:
Մեր զրուցակիցը նշում է, որ եղանակային պայմաններն են նաեւ նպաստել ոչխարների շրջանում վարակի տարածմանը: «Մի քիչ էլ հովիվների անտարբերությունը, որ շատ շոգին ոչխարը ստվեր պիտի տանեն, հենց արեւը անցնի, հանեն ստվերից, չեն անում, թողնում են արեւի տակ»:
Աշոտ Հովհաննիսյանն ասում է, որ սիբիրախտից բացի ոչխարներն այս շրջանում տզերից փոխանցվող հիվանդությունների վտանգի առջեւ են: «Նույն ձեւով պայքարում են նաեւ տզերի միջոցով տարածվող հիվանդությունների դեմ: Ամիսը մի քանի անգամ լողացնում ենք հատուկ լուծույթներով, որ տիզը ոչխարի վրա չբարձրանա, արյան վարակիչ հիվանդություններ չփոխանցի: Ընդհանրապես, մեր աշխատանքը մենք պատերազմ ենք համարում դաբաղի, խշխշան պալարի, սիբիրախտի եւ այլ հիվանդությունների դեմ: Եթե մի կենդանին վարակվեց, հոտը, նախիրը կվարակվի, մեծ անկումներ կլինեն:
Երբեմն անասունը գյուղացու միակ ապրուստի միջոցն է լինում, փոխհատուցում էլ չկա: Պետք է մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնել մանր եւ խոշոր եղջերավորների շրջանում տարածվող հիվանդություններին, ծրագրերը, կանխարգելիչ միջոցառումները շատ պիտի լինեն, ես պատվաստումները ժամը ժամին կատարում եմ, բայց ուրիշ հանգամանքներ էլ կան: Չեմ բողոքում, քանի որ այսօր մեր երկրի հիմնական խնդիրը պաշտպանությունն է ու անվտանգությունը, դրանք որ լինեն, մեր խնդիրներն էլ կամաց-կամաց կլուծվեն, ես չեմ ուզում այս պահին մեր խնդիրներն առաջնային դասել»:
Աշոտ Հովհաննիսյանն ուրախությամբ նշում է, որ ոչխարների շրջանում սիբիրախտի դեմ պատվաստումից հետո ոչ մի դեպք չի գրանցվել: «Բայց եթե պատվաստման շրջանում կենդանին հիվանդության գաղտնի շրջանում է եղել, անպայման սատկելու է, այդպիսի դեպքերի սպասում ենք»: Ասում է նաեւ, որ խոշոր եղջերավորների տերերից սիբիրախտի ոչ մի կանչ չի ստացել, խոշորների շրջանում սիբիրախտի դեմ պատվաստումները ժամանակին արել է բոլոր ցուցումներով՝ հղիության վերջին ամսում չլինեն, հյուծված չլինեն, երեք ամսականը լրացած լինի։
Այժմ սպասում է, որ ոչխարների շրջանում էլ իմունիտետ ձեւավորվի:
Ասում է, որ վերջին անկումը գրանցելուց եւ վերջին կենդանուն վառելուց հետո կմեկուսացնեն անասնագերեզմանոցը, որ կառուցել են գյուղից մեկ կիլոմետր հեռու, այնպիսի տարածքում, որ սելավներից քշվելու վտանգ չլինի: «Վարակով թաղված կենդանիների անասնագերեզմանոցը կամայական վայրում չես կարող կառուցել, նախ մասնագետներ պիտի լինեն, ակտ կազմեն, հետո ստանձնեն պահպանությունը: Կենդանուն այնտեղ վառելն էլ իր կարգն ունի, մոտ հինգ ժամ է տեւում ամբողջ գործողությունը. մինչեւ չես համոզվում, որ կենդանին լրիվ այրվել է, հող չես կարող լցնել: Անանասնագերեզմանոցը կփակենք, բայց իմ մեքենայից երկար ժամանակ դեռ քլորակրի հոտ կգա: Դա անասնաբույժների անբաժան փոշին է, առատ ցանում եմ, որ մի ֆերմայից մյուսը գնալուց վարակ չտանեմ հանկարծ»,- ասում է այս տարի հանրապետության «Լավագույն համայնքային անասնաբույժ»-ի կոչումին արժանացած Աշոտ Հովհաննիսյանը: Պարգեւը տրվել է ապրիլի 23-ին՝ անասնաբուժության միջազգային օրը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։