Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ պաշտոնական Բաքուն հայտարարել է հայ ռազմագերիների նկատմամբ եւս 3 դատական գործերի մեկնարկի մասին։
Հուլիսի 15-ին տեղի կունենա 9 հայ ռազմագերիների, հուլիսի 16-ին` եւս 12 ռազմագերիների նկատմամբ դատավարությունը:
Ինչպես եւ նախորդ դատական գործերով, այս գործերով եւս հայ ռազմագերիներին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության», «ապօրինի զենք պահելու», «զինված կազմավորումներ ստեղծելու» եւ «պետական սահմանի ապօրինի հատման» հոդվածներով։
Հուլիսի 14-ին նշանակված են ՀՀ քաղաքացիներ Դավիթ Դավթյանի ու Գեւորգ Սուջյանի քրեական գործով մեկնարկող դատավարության նախնական լսումները։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «լրտեսություն» հոդվածով:
Շարունակվում է նաեւ 13 հայ ռազմագերիների դատավարությունը:
Ավելի վաղ Ադրբեջանում ավարտվեց 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց այդ երկրի իշխանությունը «դիվերսանտ» էր որակել։ Հրաչյա Ավագյանը եւ Գեղամ Սերոբյանը դատապարտվեցին 4 տարվա, մյուսները՝ 6 ամսվա ազատազրկման:
Նախապես առաջադրված բոլոր մյուս՝ «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել էին:
Վեց ամիս դատապարտված գերիներից 12-ը եւ եւս 3 ռազմագերի հուլիսի 3-ին վերադարձել են Հայաստան։