Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը եւ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել են Բելառուսի հետ Լիտվայի սահման: Նրանք ուղղաթիռով հասել են սահմանի Պադվարնոնիսեի հատված, որտեղից ասիացի ապօրինի միգրանտները փորձում են Եվրամիության տարածք մտնել:
Միշելը հայտարարել է, որ Լիտվայի սահմանը Եվրոպական միության արտաքին սահմանն է, եւ շատ կարեւոր է տեղում հասկանալը, թե ինչ է պետք անել Լիտվային սատարելու համար:
Վարչապետ Շիմոնիտեն ընդգծել է, որ ԵՄ-ում գիտեն, թե ապօրինի միգրանտների հարցով ինչ բարդ վիճակ է ստեղծվել Լիտվայի եւ Բելառուսի սահմանին: Նա նշել է, որ դա բարդ խնդիր է, եւ Լիտվան ակնկալում է ԵՄ աջակցությունը:
Տարեսկզբից ի վեր Լիտվայում ձերբակալել են Բելառուսի տարածքից ապօրինի ԵՄ տեղափոխված ավելի քան 1300 միգրանտների, որոնց մեծ մասն ասիական երկրներից է:
Շենգենյան համաձայնության երկրների արտաքին սահմաններից Լիտվայինը 1070 կիլոմետր է, որից 679 կիլոմետրը Բելառուսի հետ սահմանն է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի վերջին հայտարարել է, թե Բելառուսն է այն արգելապատնեշը, որը հարեւանին պաշտպանում է թմրաբիզնեսից եւ ապօրինի միգրանտներից:
Լուկաշենկոն ընդգծել է, թե, հաշվի առնելով Բելառուսի վրա Արեւմուտքի ճնշումները, պետք է մտածել՝ արժե՞ դա շարունակել:
Բելառուսի նախագահը սահմանապահ զորքերին նաեւ հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը: Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայից հսկայական քանակությամբ զենք է ներթափանցում:
Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինան, ինչպես նաեւ Գերմանիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը եւ Լիտվան կապված են Բելառուսում «ծպտյալ» ահաբեկչական խմբավորումների հետ, որոնց նպատակը, ըստ նրա, «իքս օրը բռնի իշխանափոխությունն է»:
Ավելի վաղ Լիտվայի իրավապահները քրեական գործ են հարուցել «ահաբեկչական նպատակներով Ryanair-ի օդանավի առեւանգման փաստով»՝ միջազգային չվերթների համար փակելով նաեւ Բելառուսի օդային տարածքը: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ բելառուսական ռեժիմը վտանգավոր է միջազգային քաղաքացիական ավիացիայի համար։
Իրենց օդային տարածքը փակել են նաեւ Բելառուսի մյուս հարեւանները՝ Ուկրաինան, Լատվիան եւ Լեհաստանը, ինչպես նաեւ եվրոպական մի շարք այլ պետություններ։
Լեհաստանի վարչապետ Մատուշ Մորավեցկին բելառուսական իշխանությունների գործողություններն անվանել է պետական ահաբեկչության ակտ։
ՄԱԿ-ի քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ քաղաքացիական օդանավի հարկադիր վայրէջքը, հնարավոր է, միջազգային՝ Չիկագոյի կոնվենցիայի խախտում է։