Ըստ ռուսական REGNUM գործակալության՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այլեւս ընկերության գլխավոր տնօրենը չէ: Աշխարհի ամենահարուստ մարդը պաշտոնից հեռացել է ընկերության հիմնադրման 27-ամյակին՝ հուլիսի 5-ին:
Amazon-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Amazon Web Services ստորաբաժանման նախկին ղեկավար Էնդի Ջասին։
Այժմ աշխարհի ամենահարուստ մարդը կստանձնի ընկերության կառավարման գործադիր ղեկավարի պաշտոնը եւ ավելի շատ ժամանակ կտրամադրի իր բարեգործական նախաձեռնություններին ու այլ նախագծերի:
Բեզոսի՝ 30 տարի առաջ ավտոտնակում հիմնած Amazon-ը 1994-ին ընդամենը առցանց գրախանութ էր: Այսօր ընկերությունում աշխատում է 1.3 միլիոն մարդ: Կորոնավիրուսի համավարակը, որի ժամանակ աճեցին առցանց գնումների ծավալները, Amazon-ին գերշահույթ ապահովեց:
Անցյալ տարի Amazon-ում առեւտրի ծավալները կազմել են ավելի քան 386 միլիարդ դոլար՝ 38%-ով ավելի նախորդ տարվա համեմատ, իսկ եկամուտները կրկնապատկվել են՝ հասնելով 21 միլիարդ դոլարի:
Ընկերության գոյության 30 տարվա ընթացքում Բեզոսն աղմկահարույց ապահարզան է ունեցել, դարձել անհավասարության դեմ պայքարող զանազան ակտիվիստների թիրախը, հրապուրվել նոր գաղափարներով՝ հրատարակչական գործից մինչեւ տիեզերքի նվաճում:
Հուլիսի 20-ին Բեզոսի Blue Origin ընկերությունը կարձակի New Shepard օդաչուավոր հրթիռը: Շուրջ 12 տարվա ընդմիջումից հետո դա տիեզերական զբոսաշրջության վերածնության վկայությունը կլինի: