Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետությունների ղեկավարներին հորդորել է չշտապել կորոնավիրուսի պատճառով սահմանված արգելքները չեղարկելու եւ բնականոն կյանքին վերադառնալու հարցում:
Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների իշխանությունները սկսել են աստիճանաբար թուլացնել կարանտինային ռեժիմի պահանջները, մասնավորապես սոցիալական հեռավորության ու դիմակներ կրելու կանոնները:
ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանը նշել է, որ ամենեւին չի կարելի բացառել ՔՈՎԻԴ -19-ի նոր, ավելի վտանգավոր ալիքների սպառնալիքը:
Ռայանը նշել է, որ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, ինչպես նաեւ Եվրոպայում ԱՀԿ-ն շաբաթական արձանագրում է մեկական միլիոն ախտահարում։ Պաշտոնյան զգուշացրել է, որ մինչեւ կորոնավիրուսի վերջնական հաղթահարումը դեռ շատ հեռու է, եւ մարդիկ իզուր են կարծում, թե համավարակի վտանգը վերացել է:
ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրենի համոզմամբ՝ բոլոր երկրներում պետք է շարունակել համավարակի տարածումը կասեցնող միջոցառումները: Ռայանն ասել է, որ աշխարհի տարբեր հատվածներում համավարակն, ըստ էության, դեռ նոր է սկսվում:
Նիկոլայ Գամալեայի անվան վարակաբանության եւ մանրէաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը ավելի վաղ հայտարարել է, որ կորոնավիրուսի նույնիսկ թեթեւ ձեւը վտանգավոր հետեւանքներ ունի մարդու համար:
«Դա շատ նենգ վիրուս է, պարզապես թեթեւ տարբերակով վարակվելն ու կազդուրվելը դեռ չեն նշանակում պաշտպանվել այդ հիվանդությունից, քանի որ հիվանդությունը շատ ծանր բարդություններ է տալիս, շատ հաճախ էլ ծանրագույն ընթացք է ստանում»,- ասել է ակադեմիկոսը:
Հավելենք, որ ակադեմիկոս Գինցբուրգի ղեկավարած ինստիտուտի գիտնականների ջանքերով է ստեղծվել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը՝ Sputnik V-ն։
Աշխարհում այս պահին կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 184․2 միլիոն մարդու մոտ: Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 4006856 դեպք։