«Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայ գերիների իրական թիվը թաքցնելը բխում է Ադրբեջանի շահերից: Չի բացառվում, որ գերի համարվող մարդիկ խոշտանգված ու անգամ սպանված լինեն։ Մինչդեռ հրապարակված թիվը գերիների փրկության իրական երաշխիք է։
Բաց թողնված հնարավորություն
Պատերազմից շուրջ 8 ամիս անց Ադրբեջանը դեռ չի տրամադրել իր մոտ պահվող հայ գերիների պաշտոնական թիվը։ Փաստաբանի կարծիքով այդ թիվը հայկական կողմը կարող էր ստանալ բանակցային գործընթացի շրջանակում։
«Ինչ-ինչ պատճառներով սա մեզ համար բաց թողնված հնարավորություն է եղել` թե՛ բանակցությունների ընթացքում, թե՛ բանակցություններից անմիջապես հետո։ Մենք չունեցանք թափանցիկ, վստահությունը վերականգնող գործընթաց, որի շրջանակում երկու կողմերն էլ կբացահայտեին գերիների իրական թիվը»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նշել է Սահակյանը։
Միջազգային հանրության արձագանքը անհամարժեք է
Գերիների թվի մասին տեղեկությունը չհրապարակելով` Ադրբեջանն այսօր «թանկացնում է» դրա գինը` ներկա պահին, օրինակ, գերիների յուրաքանչյուր խմբի դիմաց ականապատման քարտեզներ պահանջելով։ Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորվել էր դա անել առանց նախապայմանի։
Փաստաբանին, մեղմ ասած, չի գոհացնում նաեւ Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների, այդ թվում` հայ ռազմագերիների նկատմամբ կատարված անմարդկային վերաբերմունքի փաստերի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը։
Ադրբեջանի նկատմամբ պատշաճ պատժամիջոցներ չունենք
«Շատ հեղինակավոր կառույցներ հրապարակային խոսել են Բաքվի պատերազմական հանցագործությունների մասին, բայց անգամ նման հայտարարությունների պարագայում մենք չունենք պատշաճ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Սահակյանը։
Փաստաբանը չի բացառել, որ ադրբեջանա-թուրքական քաղաքական կապիտալն այսօր աշխարհում բավական ազդեցիկ է, բայց եւ կարծիք է հայտնել, որ պատշաճ աշխատանքի պարագայում Հայաստանը եւս կարող էր հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեին։
Ռազմագերիների հարցը՝ սակարկման առարկա
Քննարկմանը մասնակցող Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների հարցը սակարկման առարկա դարձնել, եւ դրա լավագույն ապացույցը, նրա դիտարկմամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների տիկնանց զրույցն էր գերիների մասին։
«Այդ տեսանյութը որպես ապացույց բավական լայն տարածում ստացավ միջազգային կազմակերպություններում։ Նման ապացույցների հիման վրա պետք է փորձենք աշխարհում ճիշտ պատկերացումներ ու գնահատականներ ձեւավորել»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը։
Կարծրատիպերի ձեւավորում թույլ չտալ
Բանախոսները նաեւ նշել են, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների վերադարձի իր ստանձնած պարտավորությունը չի կատարում, փոխարենը այդ հարցը քաղաքական սակարկման առարկա է դարձրել ու հայ գերիների դիմաց Հայաստանից պահանջում է իր վերահսկողությանն անցած տարածքների ականապատման քարտեզները։
«Մենք չպետք է թույլ տանք, որ միջազգային հանրության շրջանում ձեւավորվի տեսակետ, թե գործընթացը ընթանում է, դե հիմա մաս-մաս է ընթանում, ոչինչ, թող մի ամսում չլուծվի, 6 ամսում լուծվի։ Հարցն այն է, որ երբեք չպետք է թույլ տալ Ադրբեջանի իշխանություններին գերիների հարցը կապել այլ հարցերի հետ ու քաղաքականացնել»,- ընդգծել է Թաթոյանը` հավելելով, որ ՀՀ-ի հիմնական խնդիրն է թույլ չտալ, որ Ադրբեջանը աշխարհում ձեւավորի կարծրատիպեր Հայաստանի մասին։
Պետք է հետեւողական լինել
Քննարկմանը մասնակցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ ներկա պահին Ադրբեջանը հաստատել է միայն 45 հայ գերիների իր երկրում լինելու փաստը։ Բայց հայկական կողմի տեղեկություններով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է։
«Ունենք թե՛ տեսագրություններ եւ թե՛ վերադարձած անձանց կողմից հաստատված տեղեկություններ մի քանի անձանց վերաբերյալ, որ նրանք գտնվել են գերության մեջ, նրանց տեսել են գերության մեջ։ Այդ դեպքերի հարցում պետք է շարունակենք հետեւողական լինել, որովհետեւ չեմ կարծում՝ ճիշտ է այս հարցում վստահել Ադրբեջանին»,– ընդգծել է Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի իրավաբան Իգոր Միրզախանյանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանը մարտի 10-ի դրությամբ հաստատել է ընդամենը 72 անձի գերեվարված լինելու փաստը, մինչդեռ գրասենյակը նույնականացրել եւ ՄԻԵԴ է ուղարկել ավելի քան 249 ենթադրյալ գերեվարված անձանց վերաբերյալ դիմումներ։
Հավելենք, որ այս ընթացքում Հայաստան է վերադարձվել 103 հայ ռազմագերի: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։
Ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը
Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ անդրադարձել է նաեւ հայ ռազմագերիների՝ որոշակի ժամկետով դատապարտմանը՝ ընդգծելով, որ դա իմիտացիա է եւ երկրի հեղինակությունն ու դեմքը փրկելու տակտիկական քայլ:
Նա ընդգծել է, որ անկախ պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել եւ հիմա էլ ենթակա են անհապաղ վերադարձման:
Ըստ իրավապաշտպանի` ադրբեջանական իշխանությունները տարաբնույթ ճնշումների են ենթարկվում. միջազգային գործընկերներն ազդակներ են հղում՝ ակնարկելով ահաբեկչության եւ այլ արարքների բացակայությունը:
«Ի սկզբանե ունեցել ենք դիրքորոշում, որ դրանք շինծու քրեական գործեր են: Մեր տղաները հայրենիքի պաշտպանություն իրականացնելուց զատ այլ գործողություններում ներգրավված չեն եղել: Ավելին՝ չեն գործել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն, այլ զորակոչվել են բանակ եւ հրամանատարության կողմից ստացել են հրաման ծառայություն իրականացնել մի տեղանքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում է եւ պատերազմի արդյունքում չի հանձնվել Ադրբեջանին»,- ընդգծել է Սահակյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը տակտիկապես որոշ մեղադրանքներ հանել է, բայց քաղաքական պատճառներով դեռեւս պահպանում է մի արարքը՝ ապօրինի սահման հատելը, որը եւս շինծու մեղադրանք է: «Հասկանում եք ենթատեքստը. տարածքներ, որոնք Ադրբեջանը հռչակում է որպես ադրբեջանական: Դրանով Ադրբեջանը ահաբեկում է հայերին եւ հայ զինծառայողներին, որ եթե հրամանի հիման վրա առաջադրանք կատարեն այդ տեղանքում, կարող են սպառնալիքի եւ քրեական հետապնդումների ենթարկվել»,- ընդգծել է Սահակյանը:
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտել է, որ շարունակելու են հետեւողականորեն Եվրոպական դատարանում բարձրաձայնել ռազմագերիների ապօրինի դատապարտումը:
«Մենք որեւէ կերպ չենք ընդունում, չենք ճանաչում թե՛ դատավարությունը եւ թե՛ այս դատավարության արդյունքում կայացված որեւէ դատավճիռ»,- եզրափակել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը:
Սակարկությունը միջազգային իրավական պարտավորություններից չի բխում
Միջազգային իրավունքի մասնագետ Գրիգոր Չոբանյանն էլ, ըստ «Արմենպրեսի», իր հերթին ընդգծել է, որ ռազմագերիների հարցը որևէ կերպ չի կարելի դարձնել քաղաքական սակարկությունների առարկա, ի սկզբանե սա պիտի լինի ելակետը:
Նա վկայակոչել է Ժնևյան կոնվենցիաները, որոնցով պատերազմի ավարտից հետո գերիները պետք է փոխանակվեն առանց որևէ նախապայմանի։ Բացի դրանից՝ հրադադարի եռակողմ հայտարարության մեջ գերիների փոխանակման որևէ պայման նշված չէ։
«Այն հանգամանքը, որ, օրինակ, պաշտոնական Բաքուն ՄԻԵԴ-ին տեղեկությունը չի տրամադրում քրեական գործերի վերաբերյալ, վկայում է այն մասին, որ խոսք անգամ չի կարող լինել ո՛չ արդար դատաքննության, ո՛չ հիմնավորված քրեական գործեր ունենալու մասին, եւ ես լիահույս եմ, որ ՄԻԵԴ-ը, հետագայում քննելով գործերը, կհաստատի այս քրեական գործերի անօրինականությունն ու շինծու լինելու հանգամանքը»,- նշել է իրավագետը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը