Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ կիրակի՝ տեղական ժամանակով 23:45-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մերձակա ուղեկալի տարածքում նկատվել են Իրանից Ադրբեջան շարժվող 5 անհայտ անձինք: Սահմանախախտները զինված են եղել, ունեցել են գիշերային տեսողության սարքեր:
Փոխհրաձգության ընթացքում սահմանախախտներից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի, հետախուզվող, 1992 թվականին ծնված Գուրբանով Մազահիր Սահիլ օղլուն, վիրավորվել է եւ մահացել: Մյուս իրավախախտներին հաջողվել է փախչել Իրան։
Սահմանախախտների թողած փաթեթի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են 6895 գրամ թմրանյութ (4065 գրամ հերոին, 1385 գրամ ափիոն, 325 գրամ մետամֆետամին, 1000 հաբ մեթադոն ՝ 40 փաթեթ, 260 հաբ պրեգաբալին) եւ դեղամիջոցներ (10 սրվակ ռավիտ 8, 30 դեղապատիճ վելման, 10 սրվակ տեստոստերոն):
Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին, Ադրբեջանի ու Իրանի ներկայացուցիչները հանդիպել են դեպքի վայրում։