ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա՝ ընդգծելով, որ պետք է արագացնել պատվաստումների գործընթացը։
«Այսօրվա դրությամբ իրականացվել է 97711 պատվաստում։ Երեկ ունեցել ենք 5416 պատվաստում՝ մեկ օրվա կտրվածքով, որը բավական լավ ցուցանիշ է, եւ մենք այս աճի տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մենք մինչեւ 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը»,- կառավարության նիստում ասել է նախարարի պաշտոնակատարը։
Անահիտ Ավանեսյանը նշել է նաեւ, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Հայաստան են գալիս շատ օտարերկրացիներ, ինչի հետեւանքով հատկապես Երեւանի կենտրոնում պոլիկլինիկաներում հերթեր են գոյանում:
Երեկ ԱՆ-ն որոշում է ընդունել, որ պոլիկլինիկաները կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին եւ այստեղ կացության իրավունքով բնակվողներին: Իսկ արտասահմանից ժամանած օտարերկրյա քաղաքացիները կարող են պատվաստվել բացօթյա շարժական կետերում։
«Սա եւս մեկ անգամ շեշտում է, թե ինչքան կարեւոր է, որ երկրում առկա են պատվաստանյութերը, պետությունն ամեն ջանք թափել է դրանք ապահովելու եւ անվճար կերպով քաղաքացիներին տրամադրելու համար։ Եվ, գուցե, նաեւ մեր քաղաքացիները, տեսնելով օտարերկրացիների բուռն ռեակցիան, պետք է ավելի հակված լինեն օգտվելու այդ բարիքից»,- ընդգծել է Ավանեսյանը:
Նախարարը հավելել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում պատվաստանյութի այլ տարբերակներ Հայաստան ներկրելու համար:
Երեկ Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի նոր խմբաքանակ`15 հազար անձի համար նույնչափ առաջին բաղադրիչ:
Հանրապետությունում առկա բոլոր երեք՝ AstraZeneca, Coronavac եւ Sputnik-V պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում կամավորության սկզբունքով:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 186-ով՝ հասնելով 225987-ի:
Գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 5 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4536-ի, եւս 1104 վարակակիր, ըստ առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 78-ով եւ հասել 217381-ի: Իրականացվել է 5093 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1.220466-ի: Տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2966 մարդ։
Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2913 դեպք, կատարվել է 27246 թեստավորում: 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9294 քաղաքացու հետազոտություն, որից 929-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։