ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում առաջարկ է եղել քննարկել ՀԱՊԿ-ում գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնելու հարցը։ Գործընկեր պետությունները խորհրդատվական ձայնի, ինչպես նաեւ փաստաթղթերի պատրաստմանը եւ հավաքական որոշումների մշակմանը մասնակցելու իրավունք կստանան։
Ըստ ria.ru գործակալության՝ Վոլոդինը կազմակերպության խորհրդի նիստում նշել է, որ նոր կարգավիճակի ի հայտ գալը մեծ նշանակություն ունի ԽՎ աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում:
Քաղաքական գործիչը նշել է, որ մի շարք պետություններ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում համագործակցության հետաքրքրվածություն են ցուցաբերում: Դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակների շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են կազմակերպության սկզբունքները:
Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը եւ Սերբիան:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ նոր ձեւաչափի նկատմամբ հետաքրքրվածություն են դրսեւորում շատ երկրներ, սակայն նշել է դրանցից երկուսին՝ Ադրբեջանը եւ Պակիստանը: