Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խոսափողի» համբավ ունեցող Sabah թերթի լրագրող Ուղուր Յըլդըրըմն այցելել է Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն եւ հոդված հրապարակել կենտրոնի գործունեության մասին։
Հոդվածի հեղինակը նախ հայտնել է, որ այդ կենտրոնում ծառայություն են իրականացնում 60 թուրք եւ նույնքան էլ ռուս զինծառայողներ, որոնք շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով հետեւում են շփման գծում տիրող վիճակին։
Յըլդըրըմը նշել է, որ 4 հեկտար տարածքով եւ 65 կոնտեյներից կազմված մշտադիտարկման կենտրոնը ցանկապատված է փշալարերով: Այնտեղ գնալու համար պետք է անցնել յուրաքանչյուր 10 կիլոմետրի վրա տեղակայված եւ ադրբեջանցի զինվորների հսկողության տակ գտնվող անցակետերով: Կենտրոնի անվտանգությունը եւս պահպանում են ադրբեջանցի զինվորականները: Կենտրոնի տարածքում կան փոքրիկ մզկիթ ու մատուռ, ինչպես նաեւ առօրյան կազմակերպելու համար անհրաժեշտ այլ միջոցներ:
Մշտադիտարկման կենտրոնում ԱԹՍ-ներից ստացվող տեսանյութերը համադրվում են «տեղական աղբյուրներից» ստացվող տեղեկությունների հետ, ապա արձանագրում խախտումների առկայությունը կամ դրանց բացակայությունը:
«Մշտադիտարկման կենտրոնի նպատակն է վերահսկել հրադադարը, արձանագրել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, ուսումնասիրել կողմերի բողոքներն ու բարձրաձայնած խնդիրները, միջոցներ ձեռնարկել խախտումները կանխարգելելու ուղղությամբ»,- եզրափակել է թուրք լրագրողը: