ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պետք է կանգնեցնի վիրուսի ավելի մահաբեր շտամների հայտնվելուց հետո կորոնավիրուսի սպառնալից սրընթաց տարածումը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է մոլորակի յուրաքանչուր երրորդ երկրի բնակչության թվաքանակը:
«Այսօր աշխարհում սահմանվել է եւս մեկ տխուր ռեկորդ: ՔՈՎԻԴ-19-ի պատճառով արդեն մահացել է 4 միլիոն մարդ: Եթե վիրուսին թույլ տրվի անտառային հրդեհի նման տարածվել, կվտանգվի եւս մի քանի միլիոն մարդու կյանք: Վարակի տարածման հետ հայտնվում են է՛լ ավելի վարակիչ, մահաբեր շտամներ՝ համարյա անարդյունավետ դարձնելով գոյություն ունեցող պատվաստանյութերը»,- շեշտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը հորդորել է արտակարգ նպատակային խումբ ստեղծել պատվաստման համապարփակ ծրագրի իրականացման համար:
Խմբում պետք է ընդգրկվեն պատվաստանյութերի արտադրության հնարավորություն ունեցող բոլոր երկրները, ԱՀԿ-ն, Պատվաստանյութերի համընդհանուր դաշինքը եւ միջազգայն ֆինանսական հիմնարկություններ, որոնք կարող են աշխատել համապատասխան դեղագործական ընկերությունների եւ արտադրողների հետ:
Միավորման նպատակը կլինի պատվաստանյութի արտադրության ծավալների կրկնապատկումը, ինչպես նաեւ դրա արդարացի բաշխումը աշխարհի բոլոր երկրների միջեւ: