Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները խիստ կարեւոր են եւ այլընտրանք չունեն։
Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված շփումները մշտական բնույթ են կրում։
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները:
Մոսկվա-Երեւան հեռուստակամրջի ժամանակ Ջաբարովը խիստ կարեւորել է ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի այն քայլը, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա՝ դա «բարի նշան» անվանելով:
Նա նշել է, որ կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, Ղարաբաղը, խաղաղապահ առաքելությունը եւ այլն:
Ջաբարովի կարծիքով նախկին խորհրդային երկրները՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները եւ սկսեն պայմանավորվել, վերականգնել երկրները այդ ցնցումներից հետո, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է ապագայում հնարավոր արյունահեղություններից խուսափելու համար:
Թուրքիային Ռուսաստանի պես հակառակորդ պետք չէ
Ջաբարովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը կիրականացվի երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ, եւ ցանկացած սադրանք կկասեցվի:
Ռուս պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը խիստ բացասական է գնահատում Ադրբեջանի տարածքում ռազմաբազա ստեղծելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները՝ հավելելով, որ Մոսկվան հնարավորություն ունի ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, իսկ Թուրքիային Ռուսաստանի պես հակառակորդ պետք չէ:
Ջաբարովը հիշեցրել է, որ Թուրքիան երբեք Ռուսաստանի դաշնակիցը չի եղել: Նա ընդգծել է, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը միշտ չէ, որ համընկնում են Կովկասում Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների շահերի հետ:
Գերիների մասին խոսելիս ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձերբակալել է հայ ռազմագերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործների:
Վլադիմիր Ջաբարովը վստահեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է գերիների վերադարձման խնդրի լուծման համար: