Կառավարության նիստի մենկարկին այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 7-ից Երեւանում նոր պարեկային ծառայության ներդրմանը։ Նա նշեց, որ պարեկային ոստիկանությունը սկզբունքորեն նոր տիպի եւ բնույթի ոստիկանություն է։ «Ծառայություն են իրականացնում շուրջ 700 պարեկային ոստիկաններ, ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանությունում չեն աշխատել։ Նաեւ 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, եւ մենք ունենանք նոր կարգի ոստիկանություն»։
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ճանապարհային ոստիկանության գործառույթներն իրականացնելու է պարեկային ծառայությունը, իսկ ճանապարհային ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով չի հաղորդակցվելու։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտնեց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ 97711 պատվաստում է իրականացվել։ «Այս աճի տեմպը պետք է պահպանենք։ Եթե երկու-երեք շաբաթ առաջ մինչեւ 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն նկատելի է աճի տեմպը։ Եվ այս տեմպը շարունակելով՝ մենք պետք է պատվաստումային ցուցանիշների առումով հստակ մեր ճիշտ դիրքն ունենանք տարածաշրջանում»։
Կառավարության անդամներն անդրադարձան նաեւ դատական համակարգի բարեփոխումներին։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ ուժի մեջ են մտել Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս լրացումներով ու համալրումներով թարմ հայացք եւ ուժեր կներգրավվեն դատական համակարգ՝ ստանալով ի վերջո, պայմանական ասած, մեր երազանքների դատական համակարգը: