Հուլիսի 8-ին Կառավարության նիստից հետո արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը որոշ մանրամասներ է ներկայացրել նոր օրենսգրքի փոփոխությունների մասին։ Ըստ Բադասյանի՝ Դատական համակարգում անպայման նոր դատավորներ պետք է հայտնվեն։
«Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, առաջին հերթին պետք է կոտրվի։ Եվ ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ եւս ապավինում ենք մեր քաղաքացիների, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի օգնությանը»,- ասել է Բադասյանը։
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը անդրադարձել է նաեւ Սահմանադրական դատարանում խորհրդարանական արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմության ներկայացրած դիմումին։ Նրա կարծիքով ընտրություններն անվավեր ճանաչելու համար բավարար հիմքեր չկան:
«Ինչ վերաբերում է ընտրություններին, ընդամենը մի պարզ վարժություն կարող ենք անել՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները կարող ենք բացել, կարդալ՝ այնտեղ ինչ գնահատական է տրվում ընտրություններին, եւ համեմատել 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ»,- ասել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը ՍԴ-ում ներկայացնելու է իշխանությունների շահերը։
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արտասահմանից ժամանած անձինք կկարողանան պատվաստվել միայն շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են։ «Պատվաստումը կիրականացվի [արտասահմանցիների] Հայաստանում առնվազն 10 օր բնակվելու պայմաններում միայն»։
Անդրադառնալով տարածվող լուրերին, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ օգտագործվող «Աստրա Զենեկա» պատվաստանյութի հավաստագիրը Եվրամիության որոշ երկրների կողմից չի ընդունվում, Ավանեսյանն ընդգծեց, որ դրանք կեղծ են: