«Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ շարքը» ներկայացնում է ութ պատմություն: Հինգերորդ պատմության հերոսը Օֆելյա Մարտիրոսյանն է: Ծնվել է 1983 թվականին Ստեփանակերտում: Դերասանուհի է: Մինչ օրս աշխատում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում: Ներկայումս ընդգրկված է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա բեմականացված ներկայացման մեջ, որի պրեմիերան տեղի կունենա այս տարվա օգոստոսին: Նախքան 44-օրյա պատերազմը ամուսնու և երկու աղջիկների հետ ապրել է Ստեփանակերտում:
Ամուսինը՝ Վահագն Սարդարյանը, ծնվել է 1980 թվականին Հադրութի Առաքյալ գյուղում, ապրել է Ստեփանակերտում, զոհվել է Կարմիր շուկայում 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Վահագնը եւ Օֆելյան ծանոթացել են 2004-ին, ամուսնացել 2006-ին: Ունեն երկու անչափահաս երեխա: Գիսանեն ծնվել է 2015 թվականին, Նռանեն` 2017-ին։ Օֆելյայի հետ զրուցել ենք Երեւանում 2021 թվականի հունիսին:
Սեպտեմբերի 27-ին պիտի երեխաների հետ ծնունդ գնայինք: 26-ին պատրաստվել էի, երեխաների շորերը պատրաստել էի, ամուսնուցս հարցրի՝ ինչ հագնենք-բան, տենց կազմակերպել, որ սեպտեմբերի 27-ին տենց գնանք երեխայի ծնունդ: Ու առավոտյան շուտ արթնացա, որ ամուսնուս ճանապարհեմ, աշխատանքի պիտի դուրս գար, սուրճ էի պատրաստել առավոտ շուտ, 7-ն էր, ու ուժեղ ձայներ լսեցինք, պատուհանից նայեցինք, ամուսինս սկզբից նայեց… Չհավատացի, որ կարող ա պատերազմ ա, ադրբեջանցիներն են, պատերազմ ա: Չհավատացի՝ ասում եմ՝ կարո՞ղ ա Բեյրութի նման ա, ի՞նչ ա, ինչ-որ նորություն էինք լսել մինչեւ էդ, ասում եմ՝ կարո՞ղ ա էդպիսի մի բան ա, ընդհանրապես չէի էլ ուզում հավատալ, որ պատերազմ ա սկսել: Ու նորից շարունակվեց, շարունակվեց, հարեւանները արդեն սկսեցին խառնվել իրար, դռներ էր բացվում-փակվում, երեխաներին շուտ հագցրեցինք, տենց թեթեւ էլի ու վազեցինք ներքեւ, առաջի հարկ… Առաջի հարկը չէ, պադվալները: Դե պադվալները շատ ահավոր վիճակում էր, հնարավոր չէր էնտեղ մնալը: Երկար ժամանակ չէինք կարող մնալ, ընդհանրապես վիճակ չկար պադվալներում: Պատրաստ չէինք վաբշե: Երեխաների հետ սաղ էնտեղ չգիտեինք ինչ անենք: Տուն բարձրանում ենք, չորրորդ հարկում էր մեր տունը, բարձրանում էինք, ջուր վերցնում, թեյ վերցնում, իջնում:
Հետո մեքենայով ամուսինս ցանկացավ տանի մորքուրիս ներքնահարկը: Գնացինք, էնտեղ էլ չէր ընդհանրապես հարմար: Իրկիունը ուշ, արդեն որ կիսուրս, տեգրս պիտի դուրս գային, բերեին կիսուրիս Երեւան, ասեցին՝ բերեք դուք էլ դուրս եկեք: Ամուսինս ոնց որ չէր ուզում դուրս գա: Ասում էր՝ չէ, լավ, մի քիչ էլ սպասենք, մի քիչ էլ սպասենք: Կիսուրս զանգում էր, ասում՝ չէ, դուրս եկեք էդտեղից: Վերջը իրիկունը ուշ որոշեցինք դուրս գալ: Թեկուզ ես էլ չէի ուզում: Մի ձեւի ասում էի՝ գուցե էսօր կավարտվի, վաղը կավարտվի… Նստեցինք մեքենան: Ճանապարհին ամուսնուս ասում էի՝ գնանք ձեր գյուղը, Խծաբերդ գնանք: Ասում ա՝ չէ, լավ, գնանք Երեւան: Բայց մի ձեւի չէի ուզում, ընդհանրապես չէի ուզում դուրս գալ էնտեղից: Ու քանի ամիս ա դեպի Երեւան չէինք գալիս: Պատճառը կորոնավիրուսն էր, որ չէինք գալիս, վարակն էր, իբր վախենում էինք: Բայց հետո ոնց որ չէր ձգում:
Ասեցի՝ բեր գնանք Խծաբերդ, ասեց՝ չէ, լավ, բեր ձեզ տանեմ, թողեմ Երեւանում, ու ես հետ դառնամ: Էտա բերեց. թողեց մեզ էստեղ, սաղ պլաններն էլ տենց խափանվեց… Մենք եկանք, ինքը իր եղբոր հետ հաջորդ օրը հետ դառան Ստեփանակերտ:
Անընդհատ անհանգիստ էի: Ընդհանրապես էդ քառասուն օրը ոնց որ ատամներս կրծում էի: Անընդհատ զանգում էի՝ Վահագ, քեզ պինդ պահի: Շատ ժամանակ անհասանելի էր ինքը: Մեկ միացնում էր, զանգում, ու ասում էի՝ Վահագ, քեզ լավ պահի, եղբորս զանգի… Անընդհատ ասում էի՝ եղբորս գոնե զանգի, հետը կապվի: Դե էդպես էլ համարյա ոչ մեկի հետ չխոսեցինք:
Ինքը մոբից էին տարել ընդհանրապես: Մոբից գնացել ա Ցորը, Ցորից էլ Կարմիր Շուկա էին իրեն… Վերջին օրերին, արդեն որ պարզ ա, սաղ կոտորվում են… Չգիտեմ՝ ինչի են տարել ու վերջի շաբաթը… Արդեն ամեն ինչ պարզ էր: Հոկտեմբերին են տարել: Ինքն էնտեղ սպասում էր, որ կանչեն: Կանչեցին հոկտեմբերին: Երեւի սկզբից նախապատրաստում էին: Հետո, չգիտեմ, ինքը սկզբից չէր ասում ու անընդհատ անհասանելի էր, անհասանելի էր: Մեկ-մեկ կապվում էր, հարցնում էի տեղը, ասում էր՝ դե ձեր գյուղարանքների մոտ եմ: Տենց էր ասում: Հաստատ չգիտեի: Վերջում պարզվեց, որ Կարմիր Շուկայում ա:
Մայրիկս Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղում էր ապրում: Իր քույրերն էլ էին էնտեղ ապրում, դրա համար մնաց հենց էնտեղի տանը: Բայց սկսվեց պատերազմը, իրենք պատերազմի թեժ օրերին դեռ Սարգսաշենում էին: Հետո արդեն երեւի եկել են, ասել՝ դուրս [եկեք], էդ տղամարդիկ ասեցին՝ արդեն դուրս եկեք, արդեն անտառներում են թուրքերը: Մայրիկս, կարծեմ արդեն հոկտեմբերին, եկավ մեզ մոտ ու մնաց: Սարգսաշենը հետո հասկացանք, իմացանք, որ տված ա թուրքերին, էլ մերը չի:
Մինչեւ հիմա նրանք մտածում են, գյուղացիները, որ հա էլի, գյուղը էսա իրենց տները կգնան, բայց հիմա էլ ո՛չ տուն կա, ո՛չ գյուղ կա… Չգիտեմ՝ ինչ են անելու: Սաղ Ստեփանակերտում են: Տղամարդիկ տաքսի են քշում: Մտնում ես, որ տաքսի նստես՝ ձեր գյուղից ա լինում ու համարյա քաղաքն էլ չեն ճանաչում:
Ճիշտ չեն քշում: Դեռ չեն ճանաչում: Աշխատանք չունեն էդ մարդիկ, գյուղից եկել են, չգիտեն ինչ անեն, տաքսի են քշում, իրենց հին մեքենաները քշում են որպես տաքսի, թեկուզ դժվարությամբ: Զգացվում ա, որ էն չի, բայց դե ի՞նչ անեն: Կանայք էլ տենց տանը նստած, որ գյուղացին առանց բոստանի չեմ էլ պատկերացնում: Չգիտեն ինչ անեն: Ստեփանակերտում նստել են ու վարձով, վարձով ապրում են:
Մայրիկս… ասեցի՝ դե էլ ինչ գնաս Մարտունի, եղբայրս էլ Մարտունիում ա մնում, մնա, երեխաներին նայի, զբաղվի, մինչեւ… Մինչեւ չգիտեմ ինչ կլինի էլի:
Տենց մեկ-մեկ ես երբ գնում եմ Ստեփանակերտ, աշխատանքս դեռ Ստեփանակերտում ա, դրա համար, տունն էլ ա էնտեղ, գնում եմ նայում-բան, գալիս [ծանր հոգոց]: Մաման երեխաներին նայում ա: Մենք էստեղ մնում ենք չորս հոգով, մաման ա, ես ու աղջիկներս: Գիսանեին մանկապարտեզ եմ արդեն տանում: Հարմարվում ա ոնց որ, երեխան հարմարվում ա իրա ընկերների հետ: Թեկուզ ասում ա՝ էնտեղ ուրիշ լեզվով են խոսում, գրական մի քիչ դժվարանում ա, դե ոչինչ, կհարմարվի: Դպրոցն էլ կտեսնենք արդեն ինչ կանենք, չգիտեմ: Նռանեն տանն ա լինում, մամայի հետ: Տենց զբաղվում ենք:
Ցանկանում եմ՝ իմ երկիրն ա, գնամ: Ստեփանակերտ իմ տունն ա: Բայց գնամ, մի բանին… Ախր շատ մոտիկ են… Շատ… Իրենց կողքով եմ անցնում: Ես երկու երեխաների, աղջիկների հետ, ես չգիտեմ՝ ոնց պիտի դուրս գամ: Ես մինչեւ չիմանամ՝ ինչ ա լինելու, ինչ ա սպասվում Ստեփանակերտում, չգիտեմ, չեմ կարողանում կողմնորոշվել ինչ անել: Վերցնել գնա՞լ: Իրենք էլ են ուզում՝ բա գնանք մեր թազա տունը:
Մեր թազա տունը [ծանր հոգոց]… վեց ամիս ենք մնացել: Վահագը որ սարքեց տունը, մենք էնտեղ վեց ամիս ապրեցինք: Հիմա աչքները կարոտ ա մնացել էդ տանը:
Ոնց որ օտար երկիր մտնես: Ոնց որ քո երկիրը չմտնես: Հա, պարզ ա, անձնագրերով ենք սաղ մտնում ու մի քանի տեղ են ստուգում անձնագրերը: Դե ռուսները կամ չգիտեմ ինչ ազգը: Սահմանապահները: Սահմանապահները ստուգում են: Բայց մեկ ա, թուրքի, ադրբեջանցիների մեքենաները տեսնում ենք:
Մեքենաներից էդ շոֆեռները որ մեզ են նայում ու սկսում տգեղ… Տգեղ են, շատ տգեղ, նայում են մեզ ու ուրիշ ձեւի բաներ են անում… Տեսնում ես էլի, որ հա, մենք հաղթել ենք, դե դուք ով եք: Էդ բանը ես տեսա վերջին անգամ: Վախենում ես, էդ պահին վախենում ես՝ ինչ ա սպասվում քեզ:
Դե հետո անցնում ես, գնում Ստեփանակերտ:
Ստեփանակերտում էդ ամեն ինչը չի զգացվում: Շատ են, մարդիկ շատ են, մեքենաները շատ են, կողքի Հադրութից, Շուշիից երեւի հիմնականում, սաղ եկել են Ստեփանակերտ: Տարբեր տեղերում հյուրանոցներում են մնում: Զգացվում ա, որ գյուղարանքներից եկել են արդեն Ստեփանակերտ: Ստեփանակերտցիներին էլ չգիտեմ՝ Ստեփանակերտում են, թե կեսը Հայաստանում են: Ոնց որ սաղ անծանոթ դեմքեր լինեն: Չգիտեմ դեռ: Երեւի սաղի նման անորոշ վիճակում են, չգիտեն ինչ անեն: Կոտրված վիճակ ա:
Հենց դպրոցը ավարտելուց հետո, որ սովորել եմ Թատերական ստուդիայում Ստեփանակերտում: Հետո մնացել եմ թատրոնում: Ե՛վ Տիկնիկայինում եմ աշխատել, եւ՛ որպես դերասանուհի թատրոնում Դրամատիկական: Հիմա էլ երեւի աշխատանքն ա ձգում, որ գնում եմ-գալիս: Ամերիկայից մի կին ա եկել, Կարինե Քոչարյանը՝ ռեժիսոր, բեմադրություն ա սկսել հիմա, պատերազմից հետո: «Երկնքից երեք խնձոր ընկավ»՝ Նարինե Աբգարյանի: Շատ հաճելի էր հետը աշխատել: Որոշեցի էդպես գնալ, աշխատել թատրոնում նորից:
Վահագի հետ հանդիպել եմ հենց Ստեփանակերտում: Ինքը սկզբից ընկերուհուս մոտ նկար էր տեսել, իրա՝ ընկերուհուս նկարը: Հարցրել ա՝ ո՞վ ա էս աղջիկը, բան, ընկերուհիս՝ Լիզան, ասել ա՝ դե իմ ընկերուհին ա, աշխատում ա թատրոնում, գործ չունես հետը, դերասանուհի ա: Տենց: Հետո դե Վահագը որ հավանեց, սիրահարվեց, տենց, խնդրեց Լիզային, որ ծանոթացնի: Տենց էլ ծանոթացանք: Հետո սկսեցինք ընկերություն անելը: Հետո ամուսնացանք: Ճիշտ ա, ինը տարի հետո երեխա ունեցանք… Էդ ա ինը տարի չարչարվեցինք… դե… հիմա զոհվեց Վահագը: Երկու երեխայից հետո: Այսինքն՝ չվայելեց ինքը… Երեխաներին…
Ինքը խանութում էր սկզբից աշխատում, որ մենք ծանոթացանք: Հետո էլ ընկերոջ հետ առեւտրի գործով էին զբաղվում: Առաքիչ էր: Որ ամուսնացանք, մտավ բանակը: Չուզեցի: Ասեցի՝ դուրս եկ, չեմ սիրում ես: Տենց զինվորականի շորերն էլ, ոնց որ… երեւի զգացողություն էր, չէի սիրում: Միգուցե զգում էի էդ ամեն ինչը: Դուրս եկավ բանակից, հետո նորից… Պատերազմ էր, կանչեցին ու գնաց…
Երեխաները սկզբից հարցնում էին, մեր էդ Գիսանեն հիմնականում, սպասում էին իրիկունները, որովհետեւ Վահագը միշտ հեքիաթներ էր պատմում երեխաներին: Բայց վերջերքս արդեն ոնց որ հասկանում են: Ոնց որ հասկանում են, որ պապան մահացած ա, գիտե՞ս, չի գալու էլ: Իսկ որ մի բան ա լինում, Նռանեն ասում ա՝ Գիսանե, քո պապան ա, չէ՞, նկարում: Տենց ա ասում, որովհետև Նռանեն ավելի փոքր է:
Շատ վիրավորական ա հիմա, որ լսում եմ շատերը ընտանիքները վերցրած, ով սաղ ա պրծել, դուրս ա գալիս: Պատերազմից… պատերազմում, ասենք, իմ ամուսինը զոհվել ա, ես չեմ կարող ոչ մի տեղ պարզ ա գնալ, հիմա ինչի՞ համար ա գնացել զոհվել, մտածում եմ, որ իրա ընկերները իրանց ընտանիքները պիտի վերցնեն ու դուրս գան դեպի Ռուսաստան, ասենք [ծանր հոգոց], իրոք վիրավորական ա: Ես չգիտեմ, իմ երեխաների հետ ես էլ ասենք գնացի Արցախ, մնացի էնտեղ, սաղ ծանոթները դուրս են գալիս մեկ ա իրենց ընտանիքներով:
Հիմա մտածում եմ՝ ինչի՞ ա իմ ամուսինը գնացել զոհվել, ինչի՞ համար, հանուն ինչի՞, որ իր ընկերները թողնեն գնան Ռուսաստան: Կամ էլ գնան Ռուսաստան, ի՞նչ են անելու էնտեղ: Զարմանալի ա էլի: Մեկ ա: Պիտի գնան ու ամեն ինչ սկզբից սկսեն: Կամ վարձով ապրեն, կամ չգիտեմ, ինչ-որ բանվորական աշխատանքներ կատարեն: Չգիտես, չգիտես ապագայում ում ինչ ա սպասվում: Ուղղակի վերցրած գնում են: Ինչ-որ էլի անորոշության են գնում:
Ում էլ հարցնեք, ասելու ա՝ բա երկիրը ապագա ունի՞, որ ես իմանամ՝ իմ ապագան որտեղ ա լինելու: Ոչ մի բան չեմ կարողանում ասել ապագայի մասին: Էնքան որ էսօր էստեղ եմ, վաղը չգիտեմ, կարող ա գնամ Ստեփանակերտ կամ… կարճ, շատ կարճ ապագայի մասին եմ մտածում… Հենց ներկայով եմ ապրում ոնց որ:
Մինչեւ էսօր չեմ կարողանում կողմնորոշվել, թե սեպտեմբերին ոնց եմ անելու Գիսանեի դպրոցը: Մենակ պիտի էդ հարցերը արդեն լուծեմ: Միշտ Վահագի հետ էի լուծում ամեն հարց: Հիմա ամեն ինչ ես պիտի որոշեմ երեխաների համար:
Կիսրայրս ստիպում ա, որ մնանք Երեւանում, նորից չգնանք Արցախ: Ասում ա, որովհետեւ արդեն Արցախը մեր համար անիծված հող ա: Սկզբից, ասում ա, կիսրայրս ասում ա, իմ եղբայրները մահացան իննսունականների պատերազմում, Սարոն եւ Հովիկը, իրա եղբայրները, Հադրութում մահացան: Հետո, ասում ա, որդիս զոհվեց Արցախում: Հերիք ա, ասում ա: Ինքն էլ հիմա հիվանդ ա: Սթրեսից ինքը վատացել ա, էս ամեն ինչից: Դրա համար, ասում ա, ես չեմ ուզում իմ թոռնիկները նորից վերադառնան: Մնացեք Երեւանում, թող գնան էստեղ դպրոց: Չգիտեմ դեռ… Իրա կարծիքն էլ էդպես ա:
Սարոյի եւ Հովիկի ընտանիքներն էլ են հիմա դուրս եկել ընդեղից: Սարոյի ընտանիքը հենց սկզբից [ծանր հոգոց]… Կինը, երեխաները էն ժամանակվա պատերազմից հետո դուրս եկան: Հովիկինը նույնպես: Երեխան հիմա արտասահմանում ա: Հիմա էս տունը, որտեղ մնում ենք ժամանակավոր, հենց տատիկը կտակել ա Հովիկի որդուն, էլի Հովիկ ա անունը:
Առաջի պատերազմի ժամանակ էլի… Ես էի առաջի դասարան գնում, ինչպես հիմա Գիսանեն էր՝ առաջինը պիտի գնար, զրոյական էր գնում Ստեփանակերտում: Սկսվեց, դե ոչ մի բան չէի հասկանում: Վերցրեցինք ու գնացինք մեր գյուղը: Պապան, մաման, ես ու եղբայրս: Գնացինք Սարգսաշեն գյուղը, մամայի գյուղը ու մնացինք Սարգսաշենում: Պատերազմը ինչքան գնում էր, գյուղում ոչ մի վնաս հաստատ չկար էլի, թուրքը չմտավ Սարգսաշեն, ոչ էլ խփեց Սարգսաշենին:
Տարբերությունը ահավոր մեծ էր իհարկե էս պատերազմի ու էն մեկի: Էն ժամանակ հաղթեցինք: Բացի դրանից, էդ գյուղերը՝ Հադրութը, Սարգսաշենը, բոլորս էդ գյուղերում էինք, դուրս չեկանք, մենք դուրս չեկանք, ոչ մեկը Ղարաբաղից դուրս չեկանք: Իսկ հիմա եկան ու ասեցին՝ դուրս եկեք: Շուշին թողեք, դուրս եկեք…
Ո՞վ կմտածեր, որ Շուշին կտայինք թուրքերին: Ես մինչեւ հիմա, Շուշիի իմ ընկերուհին էլ մինչեւ հիմա էստեղ ա, Շուշիից դուրս ա եկել, Երեւանում ա, մինչեւ հիմա խոսում ենք ու լացներս գալիս ա: Չենք հավատում: Ո՞նց կարա էդպիսի բան լինի: Ախր մարդիկ պլաններ էին գծում, տուն էին վերցրել վարկով, ընկերուհիս քանի տարի ա՝ վարկ էր փակում, հիմա ընկել ա այստեղ Երեւանում վարձով ապրում ա: Ընտանիք ա կազմել, հիմա չգիտեն ինչ անեն: Տուն են դրել: Նույնը նաեւ մենք:
Էն ժամանակ մնացինք Սարգսաշենում, հետո գնացինք, արդեն նորից սկսեցինք Ստեփանակերտում ապրել: Սկզբից գյուղում գնացի դպրոց, ու կողքի գյուղերից էլ կային, Ստեփանակերտից էլ կային մեր գյուղում: Տենց: Գնում էի գյուղի դպրոցը, սովորում: Մինչեւ 8-րդ դասարան: 8-րդը, արդեն պատերազմն էլ ավարտվեց, 9-րդ-10-րդ դասարանը ես եկա Ստեփանակերտ նորից: Շատ էի սիրում մեր քաղաքը: Դե պատերազմը ավարտվեց, էդպես սկսեցինք նորից ապրել խաղաղության մեջ ու չէինք հավատում, որ նորից կլինի:
Բայց ամուսինս, հետո որ ամուսնացա, միշտ ասում էր՝ բայց էստեղ կարող ա նորից պատերազմ լինի, տենց, ասում ա, վատ երազներ եմ տեսնում, միշտ ասում էր՝ վատ երազներ եմ տեսնում: Պատերազմի մասին էր տեսնում: Տենց կռիվ էր տեսնում միշտ ինքը երազում:
[Ցույց է տալիս հեռախոսի միջի լուսանկարները] Խծաբերդը, Հադրութի շրջաններից ա, գյուղ ա, էլի թուրքերի ձեռին ա հիմա, շատ սիրուն գյուղ ա, իմ ամուսնուս սիրելի տեղն ա, գյուղը, էս գյուղը, գնացել էինք, ստեղ մի ինչ-որ ուրիշ բան կա, զգացողություն կար, սենց նկարեցի ամպերը, կովերը լռության մեջ, ինչ-որ մի բան կար: Էս վերջին անգամ էր արդեն, որ գնացինք: Տենց անկախ ինձնից նկարեցի էս… լռությունը, ինչ-որ լռություն էր:
[Ցույց է տալիս հեռախոսի միջի լուսանկարները] Սա վերջին անգամ էր, էլի էդ օրերն էին: Դե ո՞վ կմտածեր, որ սենց կլինի: Սա Շուշիում ենք: Իմ հույսը ես ինձ վրա պիտի դնեմ: Հայաստանից դուրս գալու, երեխաների հետ, ասենք, Ռուսաստան գնալու մտադիր էլ չեմ էլի, էսպես էլ չի, որ ես էլ պիտի թողնեմ ու գնամ: Չեմ կարող ես էսպես անել: Էլ իմ ամուսինը հանուն ինչի՞ ա զոհվել, որ ես էլ թողնեմ-գնամ: Էն ա, ժամանակին կարող էինք դուրս գալ: Ժամանակին կարող էինք ընտանիքով դուրս գալ: Բայց էնքան էր սիրում իր հայրենիքը երեւի՝ մնաց: Դե ես երեւի երեխաների փոքրությունից էլի, որ շատ փոքր են, անչափահաս են դեռ, ուժ եմ գտնում, որպեսզի մենակ, ինքնուրույն մեծացնեմ իմ բալիկներին՝ իմանալով, որ իմ ամուսինը զոհվել ա հանուն հայրենիքի: Ես իմ մեջ ուժ եմ գտնում ոնց որ, երեխաների երեւի էս միամտությանը, փոքրությանը նայելով գիտեմ, որ մեկ ա ես պիտի անեմ, էս ամեն ինչը իմ հոգսն ա, ինքնուրույն պիտի մեծացնեմ երեխաներին: