Շատ տարիներ առաջ, երբ դեռ ջահել լրագրող էի եւ աշխատում էի Մեղրու շրջանային «Արաքս» թերթում, մայիսի 9-ին ընդառաջ մի ակնարկ էի գրել Հայրենական պատերազմի վետերանի մասին։ Հաջորդ օրը խմբագրության մոտ ինձ հանդիպեց հին ու համոզված մի կոմունիստ եւ հանդիմանեց.
— Դու ո՞նց ես համարձակվել էդ մարդու մասին գրել, նա գերի է ընկել։ Ճիշտ է, հետո փախել է գերությունից ու միացել պարտիզաններին, բայց դա նշանակություն չունի։ Գերի ընկածը դավաճանին հավասար է։ Ընկեր Ստալինն ասել էր, որ զինվորը վերջին փամփուշտն իր համար պիտի պահի ու գերի չընկնի։
Այս հոգեբանությունը երկար տարիներ իշխող էր ԽՍՀՄ-ում։ Եվ հենց այս մտածողության (նաեւ ձեւավորված քաղաքականության) պատճառով էր, որ գերմանական համակենտրոնացման ճամբարներից ազատված հազարավոր մարդիկ դավաճանի պիտակով աքսորվեցին Սիբիրի ճամբարները, որտեղ պայմանները պակաս դաժան չէին։
Հիմա ԽՍՀՄ-ի վարած Հայրենական պատերազմի վետերան շատ քիչ կգտնես, սակայն ԽՍՀՄ-ից մնացած հոգեբանության դրսեւորումները վերջերս երեւացին հատկապես սոցիալական ցանցերում, երբ ռազմագերիների խմբեր վերադարձան Հայաստան։
Հանուն արդարության պետք է ասեմ, որ մեր հայրենակիցների մեծ մասը ուրախությամբ ընդունեց գերիների վերադարձը։ Սակայն եղան մարդիկ, ընդ որում նաեւ երիտասարդներ, որոնց գրառումները, մեղմ ասած, անընդունելի են, անհասկանալի ու մերժելի. նրանք դատապարտում էին մարդկանց՝ գերի ընկնելու համար, պահանջում պարզել, թե ինչ են նրանք պատմել ադրբեջանցի քննիչներին, ինչ գաղտնիքեր կարող է հայտնած լինեն։
Անմարդկային է, իմ կարծիքով։
Գերի ընկածներին դատապարտողների մեծ մասը, հավանաբար, ինքը չի կռվել, չի էլ պատկերացնում, թե ինչ իրավիճակում կամ ինչ հանգամանքների բերումով կարող է մարդիկ հայտնված լինեն թշնամու ձեռքում։ Թեյի կամ գարեջրի բաժակը ձեռքին համացանցում «լռված» այդ դատապարտողը երբեք իրեն հարց չի տալիս. «…իսկ եթե ես լինեի՞…»։
Գրառումներ կատարողներից մի քանիսն էլ դատապարտում են իշխանություններին, թե ինչու են գործարքի գնացել եւ գերիների ազատության դիմաց Ադրբեջանին հանձնել ականապատ տարածքների քարտեզները։ Ու սա ասում էին իրենց քաղաքագետ հորջորջողները։
Ցանկացած նորմալ պետության համար իր քաղաքացին, վերջինիս անվտանգությունը պիտի իսկապես բարձրագույն արժեք լինեն, եւ անգամ մեկ քաղաքացու ազատության համար պետությունը պիտի պատրաստ լինի ցանկացած ոչ ստանդարտ քայլի։
Այս առումով Իսրայելի օրինակը բազմիցս է բերվել. այնտեղ զինվորների ուղեցույցում գրված է՝ գերի ընկնելիս անել ամեն բան (անգամ իրեն հայտնի ռազմական կամ պետական գաղտնիքը հայտնել)՝ ողջ մնալու համար՝ իմանալով, որ պետությունը ձեռնարկելու է ցանկացած քայլ՝ գերուն ազատելու համար։ Եվ չկրկնեմ հայտնի փաստերը, թե Իսրայելի ղեկավարությունը պաղեստինցի քանի դատապարտյալի է ազատ արձակել իր մեկ քաղաքացու գերությունից ազատելու համար։
Մեզ մոտ էլ պիտի հաղթահարվի, ավելի շուտ՝ իսպառ վերացվի «գերի ընկածը դավաճան է» հակամարդկային հոգեբանությունը, եւ ողջունվի գերուն ազատելու ցանկացած ողջամիտ գործողություն։
Մյուս կողմից՝ բոլորովին պարտադիր չէ տուն վերադարձած գերիների հարազատների ուրախությունը պատկերող կադրեր տարածել։ Այո՛, ծնողներն ու հարազատները իրավունք ունեն ուրախանալու, քեֆ սարքելու, զուռնա-դհոլով դիմավորելու իրենց որդուն։ Սակայն բոլորովին պարտադիր չէ այդ ուրախությունը հանրայնացնել։
Հարկ է հասկանալ, որ եթե մինչ գերությունից ազատվելը քաղաքացինները պետության ջանքերի կարիքն ունեն, ազատվելուց հետո նրանք արդեն իրենց ընտանիքինն են, նրանք արդեն իրենց անձնական կյանքն են սկսում, եւ լուսանկարել, տեսանկարահանել եւ տարածել նրանց ընտանիքների ուրախությունը կամ նրանց հետ հարցազրույցներ վարել, մանավանդ այնպիսի հարցերով, որոնք կարող են մարդուն ստիպել վերապրել գերության սարսափները, անընդունելի է նույնպես։
Հնարավոր է՝ գերությունից վերադարձածը կամ նրա հարազատները չեն գիտակցում հրապարակայնացնելու բոլոր հետեւանքները, եւ իրենք են հենց դա անում։ Սակայն լրագրողները պետք է գիտակցեն նման կադրերը չտարածելու էթիկական սկզբունքը եւ չտրվեն դիտելիություն ապահովելու գայթակղությանը։
Պետք է պարզապես թողնել, որ մարդիկ վերադառնան բնական կյանք եւ առանց ավելորդ աղմուկի ինտեգրվեն հասարակությանը։
Հ. Գ. Հոդվածն արդեն համարյա պատրաստ էր, երբ լուր ստացվեց, որ Արցախի նախագահի հրամանագրով ոչ անհայտ Արգիշտի Քյարամյանը պարգեւատրվել է Արիության մեդալով։ Վերջին պատերազմի թեժ օրերին ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Քյարամյանն, իհարկե, միանգամայն արժանի է նման պարգեւի. չէ՞ որ նա արիություն է ունեցել պատերազմի ժամանակ մի քանի անգամ հյուրընկալվելու Արցախի նախագահին։ Իսկ դա, երեւի, ավելի մեծ հերոսություն է, քան գերի չընկնելու համար վերջին փամփուշտով ինքնասպանություն գործելը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։