«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանն Իրան կուղղի հնարավորինս շատ էլեկտրաէներգիա։
Իրանական զանգվածային լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի 1000 մեգավատտ հզորությամբ երկու էլեկտրակայաններում էլեկտրաէներգիան անջատվել է:
Անցած հանգստյան օրերին Իրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել: Երկրի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես օրվա երկրորդ կեսին:
Իրանի էլեկտրաէներգետիկ արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշհադին հայտարարել էր, որ Թեհրանը ամբողջ երկրում շարունակվող էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Մնացական Մնացականյանը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է հնարավորինս մեծ ծավալների էլեկտրաէներգիա ուղղել Իրան։
Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց
Երեւանն Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում, ընդ որում` ծավալները տարբեր են` կախված տարվա եղանակից։ Նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին ընդլայնել ծրագիրը։
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ձեռնարկության տնօրենը նշել է, որ ամռանը ՀՀ-ն Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա է մատակարարում, քան ձմռան ամիսներին` ելնելով սպառումից։
Այսինքն՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով ձմռանն ու գարնանը կարող ենք ավելի շատ գազ ստանալ եւ ավելի քիչ հոսանք տալ, իսկ ամռանը` լրացնել։ Այնպես որ, ամռանը մատակարարումներն այսպես թե այնպես աճում են»,- նշել է Մնացականյանը։
Հայաստանը Իրանից տարեկան սովորաբար 400-500 միլիոն խմ գազ է ստանում, դրա դիմաց Հայաստանը 1 խմ-ի համար 3 կՎտժ էլեկտրաէներգիա է մատակարարում Իրանին։
Գազը մատակարարվում է Երեւանի, մասնակի` Հրազդանի ՋԷԿ-եր, որտեղ գազի յուրաքանչյուր խմ-ից 4-4,5 կՎտժ էլեկտրաէներգիա են ստանում։ Այդպիսով Հայաստանին մնում է մի քանի հարյուր միլիոն կՎտժ ավելցուկ։
Ինչո՞ւ է Իրանը էլեկտրաէներգիա ներկրում ՀՀ-ից
Իրանագետ Գարիկ Միսակյանի դիտարկմամբ` թեեւ Իրանի կառավարությունը շատ չի խոսում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդրի մասին, սակայն նշվում է խնդրի մի քանի պատճառ, որոնցից մեկն, օրինակ, առնչվում է նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ իրանագետը նշել է, որ Իրանի էներգետիկ համակարգի զարգացման տեմպերը զգալիորեն զիջել են էներգետիկ համակարգի զարգացման ցուցանիշներին անգամ Ռոհանիի նախորդի` Մահմուդ Ահմադինեժադի օրոք։
Միսակյանն ընդգծել է, որ վերջին տասը տարում Իրանում մեծացել է էներգիայի սպառումը, սակայն կառավարությունը բավականաչափ լուրջ ծրագրեր չի իրականացրել սպառումը լիարժեքորեն ապահովելու ուղղությամբ եւ հիմնականում շեշտը դրել է ներմուծման վրա, մինչդեռ էներգիայի արտահանման հետ կապված խնդիրները մնացել են անլուծելի։
Սակավաջրության սոցիալ-քաղաքական հետեւանքները
Միսակյանը նշել է, որ իրանական էներգետիկ համակարգի մյուս զգայուն խնդիրն առնչվում է ջրի հետ: 2021-ը բավականին սակավաջուր է, եւ ՀԷԿ-երից շատերը ամբողջ ներուժով չեն աշխատում։
Ըստ իրանագետի` Իրանում սոցիալական բողոքները՝ կառավարությանը քննադատելու առումով, հիմնականում քաղաքական շեշտադրում եւ լոկալ բնույթ ունեն: Բողոքները մոլեգնում են այն բնակավայրերում, որտեղ լինում են հոսանքի անջատումներ։
Իրանագետի կարծիքով նոր կառավարության առաջնահերթություններից մեկը պետք է լինի էներգետիկ խնդիրների կարգավորումը: Թեեւ պարզ չէ՝ դա ինչ կերպ կիրականացվի, այդուհանդերձ, ներկա վիճակը միանշանակորեն չարժե կոլապս համարել. Իրանը բավական մեծ ռեսուրսներ ունի նման խնդիրները չեզոքացնելու համար։