ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը RT-ին տված հարցազրույցում նշել է, որ Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա:
«Մեր աչքով այստեղ տեսանք ամեն ինչ, շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ եւ եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն չկա»,- ասել է գեներալը:
Սիդորովը հայտնել է, որ կան որոշակի դժվարություններ, եւ ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ցուցաբերել նյութատեխնիկական աջակցություն:
«Թալիբան» շարժումը Աֆղանստանի եւ Տաջիկստանի պետական սահմանին տեղակայել է անցակետեր: Գեներալ-գնդապետ Սիդորովը նշել է, որ Աֆղանստանի հյուսիսային հատվածներից ներկայումս ագրեսիվ գործողություններ ընդհանրապես չեն նկատվում:
Ավելի վաղ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու հարցում: Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը կկատարեն իրենց պարտավորություններն այդ երկրի հանդեպ։
Սերգեյ Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն իսկ այցելել են տաջիկա-աֆղանական սահմանագիծ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծված կացությունը։