Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին եւ Հայաստանին տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու հարցում:
Հարավային Կովկաս այցի շրջանակում Բաքու ժամանած ԵՀ հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է ԼՂ հետկոնֆլիկտային իրավիճակը, եւ թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունն այս հարցում:
Ըստ Վարհեիի, ականապատ տարածքների քարտեզների դիմաց գերիների մի մասին վերադարձնելով, Ադրբեջանն ու Հայաստանն արդեն իսկ քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ:
«Եվրամիությունը ողջունում է այս փոխանակումը: Քայլերը շարունակելու համար պատրաստ ենք նաեւ օգնելու ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ այլ կերպ: Եվրամիության ջանքերը թափանցիկ են եւ հասանելի երկու կողմերին՝ նրանց առաջ շարժվելու եւ տարածաշրջանը վերակառուցելու հարցում օգնելու համար»,- ընդգծել է հանձնակատարը: