Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր վարչության ղեկավար Քրիստոս Յակումոպուլոսի հետ Սանկտ Պետերբուրգում քննարկել է Արցախյան վերջին պատերազմի հումանիտար հետեւանքները՝ հատկապես մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների խախտումների տեսանկյունից:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Դավթյանը ներկայացրել է ադրբեջանական զինուժի ձեռամբ հայ զինծառայողների, ռազմագերու կարգավիճակում հայտնված անձանց, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձանց իրավունքների համապարփակ ոտնահարումների փաստերը:
Ոտնահարումներին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը
Ոտնահարումները տեղի են ունեցել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ նախորդ տարվա նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո:
Հայաստանի գլխավոր դատախազն էական է համարել միջազգային հանրության եւ մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում ԵԽ կառույցների կողմից նման դրսեւորումներին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը:
Դավթյանը նշել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործումը եւ հումանիտար բնույթի հարցերի ամբողջական եւ անկեղծ լուծումը կարող են դառնալ տարածաշրջանում խաղաղության հաստատման, տնտեսական եւ այլ բնագավառներում համագործակցության երաշխիքը:
Հակասում են եռակողմ հայտարարության պահանջներին
Ընդսմին՝ Հայաստանի գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը եւ միանգամայն հակասում են եռակողմ հայտարարության պահանջներին։
Որպես դրա ցցուն օրինակ՝ Դավթյանը վկայակոչել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի իրավասու մարմինների միջոցով իրականացվող անհիմն մեղադրանքներով հագեցած ապօրինի քրեական հետապնդումների, շինծու դատավարությունների կազմակերպման փաստերը:
Ուղեկցվում են իրավունքների կոպիտ խախտումներով
Հայաստանի գլխավոր դատախազը նշել է, որ դրանք ուղեկցվում են քրեական վարույթների շրջանակում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված բազմաթիվ իրավունքների կոպիտ խախտումներով:
Արթուր Դավթյանը ներկայացրել է նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության շարժառիթներով դիտավորությամբ կատարված հանցավոր ոտնձգությունները:
Կողմերը պայմանավորվել են խնդրո առարկայի վերաբերյալ պարբերաբար անհրաժեշտ տեղեկություններ փոխանակել: