ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում նախատեսվում է երկարաձգել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում կառավարության որոշմամբ սահմանված կարանտինը:
Նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ կարանտինի մասին որոշման նախագիծը ՀՀ Կառավարությունում է, եւ համոզմունք հայտնել, որ կարանտինի երկարաձգման որոշում կընդունվի:
Ըստ Ավանեսյանի՝ կարանտինը միանշանակ պետք է երկարացվի, քանի որ դրա մասին որոշումը ստեղծում է սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառելու հնարավորություն ընձեռող գործիքակազմ:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման մասին պահանջը սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ:
Նախարարի պաշտոնակատար Ավանեսյանն ընդգծել է, որ կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն:
Սպասարկման ոլորտում էլ՝ եթե աշխատակիցները պատվաստած չլինեն, ստիպված կլինեն անընդհատ ՊՇՌ թեստ հանձնել:
«Մենք հիմա չենք օգտագործում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր ամբողջ գործիքակազմը, բայց որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն փոփոխվում են: Այո՛, վեց ամսով այն կերկարաձգվի»,- եզրափակել է Ավանեսյանը:
Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, կարանտինը սահմանվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 11-ից մինչեւ այս տարվա հունվարի 11-ը: Հունվարի 11-ից կարանտինը երկարաձգվել է մինչեւ 2021 թվականի հուլիսի 11-ը: