Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղակայված դաշտային հոսպիտալում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար երկար հերթեր են գոյացել։ Ռուսաստանում համավարակի նոր բռնկման հետեւանքով օրական վարակվողների թիվն անցնում է 20 հազարը, մահվան դեպքերինը՝ 700-ը։ Համավարակի բռնկման պատճառը համարվում է կորոնավիրուսի առավել վարակիչ Դելտա շտամը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ 12,5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ամեն օր շուրջ 100 հազար մարդ է պատվաստվում, ինչի շնորհիվ նոր սահմանափակումներ չեն մտցվում։ Քաղաքապետը հավաստիացրել է, որ իրավիճակը կայունանում է։
Մոսկվայի ոստիկանությունը 55 քրեական գործ է հարուցել թեստերի կեղծ տեղեկանքներ ներկայացնելու համար։ Կալինինգրադի մարզում պատվաստվելու մասին կեղծ տեղեկանքներ վաճառած բուժաշխատող է ձերբակալվել։
Համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 5,7 միլիոն դեպք։