Թուրքիան ավարտել է դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկած Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման՝ երթուղու նախագծման նախապատրաստական աշխատանքները:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Իգդիր-Նախիջեւան գազատարի Թուրքիայի հատվածի երկարությունը կկազմի 85 կմ, եւ դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջեւանի բնական գազի պահանջարկը։
Նախագիծն իրականացնում են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը:
Թուրքիան նոր գազատարի համար նախագծված տեխնիկական տվյալների հաստատման համար սպասում է ադրբեջանական կողմի համաձայնությանը: Շուտով ադրբեջանական SOCAR պետական նավթագազային ընկերությունը երկրի իշխանություններից համաձայնություն ստանալուց հետո կսկսի գազատարի նախիջեւանյան հատվածի կառուցման աշխատանքները:
Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկայի նախարարները անցած տարեվերջին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի նաեւ Թուրքիայի տարածքով գազ հասցնելու Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն: