Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, ըստ որի՝ կազմակերպության կազմում գործող մարդասիրական կառույցներն առաջիկա մեկ տարում օգնություն կցուցաբերեն Սիրիայի հյուսիսային՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին եւ փախստականներին։
Մինչեւ վերջին պահը Ռուսաստանն ընդդիմանում էր գաղափարին՝ նշելով, որ անընդունելի է Թուրքիայի տարածքից օգնության տեղափոխումը Իդլիբ եւ հարակից շրջաններ։
Արեւմտյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, վերջին պահին ՄԱԿ-ում հավատարմագրված ռուսաստանցի եւ ամերիկացի դիվանագետները կարողացել են ընդհանուր հայտարարի գալ՝ հնարավոր դարձնելով մարդասիրական օգնության առաքումը Սիրիայի հյուսիս։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել է, որ իրենք պատմական պահի ականատեսներն են։ Առաջին անգամ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ոչ միայն կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել, այլեւ Անվտանգության խորհրդի բանաձեւի համատեղ մշակված տեքստ են ներկայացրել:
«Տեքստին հավանություն է տվել նաեւ այս կառույցում ներկայացված մեր գործընկերը։ Հուսով ենք, որ սա շրջադարձային մի կետ կդառնա, որից կշահեն ոչ միայն Սիրիան կամ Մերձավոր Արեւելքը, այլեւ ամբողջ աշխարհը»,- ընդգծել է Նեբենզյան։