Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են ՌԴ տարածքում գործող հաքերային խմբավորումների կողմից ամերիկյան ընկերությունների դեմ իրականացվող հարձակումների թեման։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Բայդենն իր ռուսաստանցի պաշտոնակցին հորդորել է գործուն միջոցներ ձեռնարկել ամերիկյան մասնավոր ընկերությունների ներքին ցանցեր թափանցող, դրանց հանդեպ վերահսկողություն սահմանող եւ այդ ցանցերի բնականոն աշխատանքը վերականգնելու դիմաց փրկագին պահանջող ռուսաստանցի հաքերային խմբավորումների դեմ:
«Մեր ակնկալիքը հետեւյալն է. եթե անգամ հաքերային հարձակումները պետությունը չի ուղղորդում, բայց կատարվում են Ռուսաստանի տարածքից, միեւնույնն է, ռուսաստանյան պաշտոնական մարմինները ամերիկյան կողմից ստացված բավարար տեղեկատվության հիման վրա պարտավոր են հստակ քայլեր ձեռնարկել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Մինչդեռ, ըստ Կրեմլի, վերջին մեկ ամսում հաքերային հարձակումների հարցով ամերիկյան իրավապահ համակարգից որեւէ դիմում Մոսկվան չի ստացել։
«Այնուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է այս հարցում համագործակցելու Վաշինգտոնի հետ՝ տվյալների փոխանակման հատուկ խողովակների կիրառմամբ եւ առանց հարցը քաղաքականացնելու»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։