Ըստ Haiti24 պարբերականի՝ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի այրին` Մարտինը, ամուսնու սպանությունից հետո առաջին հայտարարությունն է արել։ Մարտին Մոիզը հաստատել է, որ իր ամուսնուն վարձկաններն են սպանել։
«Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկաններն էլ ուզում են կործանել նրա երազանքը»,- ասել է նախագահի այրին:
Նախագահի այրին պնդել է, որ Ժովենել Մոիզին սպանել են, քանի որ նա փորձել է մի շարք նախագծեր իրականացնել Հայիթիում, մասնավորապես՝ հանրաքվե ու ընտրություններ անցկացնել:
Ըստ դիվանագիտական ներկայացուցչության՝ Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող տասնմեկ անձ ձերբակալվել է երկրում՝ Թայվանի դեսպանատան տարածքում։
Հուլիսի 8-ի առավոտյան Հայիթիի ոստիկանները թայվանցի դիվանագետներին հայտնել են, որ ցանկանում են մուտք գործել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու։
Երկար տարիներ Հայիթիի Հանրապետության հավատարիմ բարեկամ ու հուսալի գործընկեր Թայվանի դեսպանատունն անհապաղ համաձայնություն է տվել եւ ոստիկաններին թույլ տվել իրականացնել գործողությունը:
Ավելի վաղ Հայիթիի իրավապահ մարմինները հայտնել էին, որ նույնականացրել են 28 ենթադրյալ հանցագործներին, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացիներ են։ Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 17 կասկածյալ, եւս 7-ը սպանվել է ոստիկանական գործողությունների ընթացքում։