«Մեկ բուհ, մեկ մասնագիտություն». այս տարվանից Կառավարությունը ընդունելության նոր կարգ է հաստատել, որն, ի տարբերություն նախորդ տարիների, դիմորդին զրկում է երկու անվճար եւ ութ վճարովի մասնագիտություն հայտագրելու հնարավորությունից։
Այժմ հայտագրումն արվում է առցանց երկու փուլով գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում։ Առաջին փուլում դիմորդը հնարավորություն ունի նշելու մեկ բուհ եւ մեկ մասնագիտություն՝ միաժամանակ վճարովի եւ անվճար տեղերի համար։ Տրամադրվում է քսանհինգ օր ժամանակ, որի ընթացքում դիմորդը կարող է փոփոխություններ կատարել իր դիմում-հայտում։ Իսկ երկրորդ փուլը ընդունելության քննությունների ավարտից եւ ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո է։
Այս տարի այն տեղի է ունենալու հուլիսի 19-26-ը՝ կրկին առցանց տարբերակով։ Ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները երկրորդ փուլում կարող են դիմել թափուր մնացած տեղերի համար։ Նրանք հնարավորություն ունեն հայտագրելու վեց այնպիսի մասնագիտություններ, որոնց համար պահանջվող միասնական քննություններն արդեն հանձնել են։
Հայտագրման նոր կարգը ոչ միայն հնարավորություն է տալիս դիմորդներին մասնագիտական հստակ կողմնորոշվածությամբ ընդունվելու բուհ, այլեւ նվազեցնում է պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով ընդունվելու ռիսկը։
Ինչպես ցանկացած փոփոխություն, նոր կարգն էլ հակասությունների տեղիք է տվել։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ բավականին սխալ մոտեցում է, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է հրաժարվել դրանից՝ չսահմանափակելով դիմորդների հնարավորությունները։
«Առհասարակ ճիշտ կլինի՝ ընդունելությունն ամբողջովին կազմակերպեն բուհերը, եւ պետությունը չմիջամտի գործընթացին, ինչպես արտասահմանում է։ Այսինքն՝ սկզբում դիմորդները հանձնում են քննություններ, հավաքում են միավորներ, իսկ հետո բուհերը հայտարարում են, թե նվազագույնը որքան միավոր է հարկավոր այս կամ այն ֆակուլտետ ընդունվելու համար։ Համալսարաններն են ընտրում իրենց ապագա ուսանողներին։ Քայլ առ քայլ պետք է հասնել սրան եւ հրաժարվել հին կարգից, երբ սկզբում դիմում են բուհեր, հետո հանձնում քննություններ իրենց նախընտրած բաժինը ընդունվելու համար»,- ասում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ մրցույթն արհեստականորեն փոքրացրել են։ Շատերը, վախենալով առաջին փուլով չընդունվելուց, հնարավոր է չդիմեն ամենապահանջված բաժինները, որտեղ մրցակցությունը մեծ է։ Եվ հավանական է՝ այդպես կորցնենք ապագա հրաշալի մասնագետների։ Կամ հնարավոր է՝ շատ ցածր միավորներ հավաքած դիմորդը ընդունվի, իսկ կրկնակի բարձր միավորներով մեկ այլ դիմորդ դուրս մնա առաջին փուլի մրցույթից, և երկրորդ փուլում իր մյուս նախընտրելի բաժիններում չլինեն թափուր տեղեր։ Այս ամենը չի նպաստելու մեր կրթության, տնտեսության եւ այլ ոլորտների զարգացմանը։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, անդրադառնալով բարձր միավորներով երկու փուլից էլ դուրս մնալու խնդրին, նշում է, որ առաջին հայտի իմաստը հենց այն է, որ, օրինակ՝ եթե դիմորդը որոշել է պատմաբան դառնալ, դառնա պատմաբան, ոչ թե նրա տեղը զբաղեցնի իրավաբան դառնալ ցանկացող, սակայն այդ բաժնի մրցույթից դուրս մնացած դիմորդը, որի միավորները պարզապես բավական են։
«Եթե երկրորդ փուլում նախընտրելի մյուս բաժնում թափուր տեղ չկա, դիմորդը կարող է առաջնորդվել այն մտքով, որ, միեւնույնն է, իր նախընտրելի բաժին չի ընդունվել, այդքան էլ մեծ տարբերություն չկա՝ որ մասնագիտությամբ կսովորի։ Իր նախասիրությունը կարեւոր էր առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում հարկավոր է, որ ինչ-որ տեղ ընդունվի»,- ասում է Խաչանուշ Գրիգորյանը։
«Ես շատ եմ հավանում ընդունելության կազմակերպման այս ձեւը։ Ճիշտ է, նախորդ տարի շատ դիմորդներ բողոքում էին, թե ինչու պետք է այդքան պարապեին, բարձր միավորներով չընդունվեին, իսկ մյուսը նվազագույն անցողիկ միավորով ընդունվեր, բայց հաշվի չէին առնում, որ այդ դիմորդը նշել էր իր հնարավորություններին համապատասխան ցածր ֆակուլտետ։ Ես իմ աշակերտների հետ շատ եմ զրուցել այդ թեմայով, օգնել եմ ճիշտ ընտրություն կատարելու։ Հաշվի ենք առել իրենց ընդունակությունները, գիտելիքները, որպեսզի հանկարծ չձախողվեն, բայց միաժամանակ լինի իրենց համար ցանկալի բաժին»,- նշում է Գայ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ագապի Արշակյանը։
Նրա այս տարվա շրջանավարտների երկու երրորդը դիմորդներ են։ Երկու աշակերտ անբավարար միավորների պատճառով դուրս է մնացել մրցույթից, մյուսները հավանաբար ընդունվել են հենց առաջին փուլով, սպասում են հուլիսի 18-ին՝ վերջնական արդյունքներին։
Այս տարվա ընդունելության քննությունները աչքի են ընկել բավականին ցածր արդյունքներով։ «Մաթեմատիկա» առարկայից միջին գնահատականը եղել է ընդամենը 10,47, իսկ դրական շեմը չի հաղթահարել դիմորդների 22,5 տոկոսը։ Անդրադառնալով այս հարցին եւս՝ ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանն ասաց, որ վերլուծություններն արվում են առհասարակ քննություններից ավելի ուշ, կվերլուծեն, հետեւություններ կանեն, եւ միգուցե մյուս տարվա համար նոր առաջարկներ լինեն։
«Կցանկանայի՝ ավելի ճիշտ կազմակերպեին ընդունելության քննությունները, շտեմարանային առաջադրանքները լինեին պարզապես պարապելու համար, ոչ թե այդտեղից կազմեին թեստային առաջադրանքներ։ Հնարավոր է՝ աշակերտը շատ խելացի լինի, սակայն թեստային առաջադրանքի ժամանակ հուզվի, շփոթվի, սխալ նշի, ինչը ճակատագրական կարող է լինել նրա համար։ Ինչ վերաբերում է այս տարվան, թեստերը տարբեր առարկաներից շատ բարդ էին կազմված, չգիտեմ՝ ինչով էր պայմանավորված։ Եթե մեր լավագույն աշակերտներն են ցածր միավորներ հավաքել, նշանակում է, որ թեստերն իրոք, բարձր, կասեմ՝ նույնիսկ ակադեմիական մակարդակի էին»,- ասաց Ագապի Արշակյանը։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ նշեց, որ Հայաստանում կրթության ընդհանուր որակն ընկել է։ Դրան իհարկե նպաստել են վերջին մեկուկես տարում քաոսային քաղաքականությունը կրթական համակարգում եւ, կորոնավիրուսով պայմանավորված, գրեթե մեկ ուսումնական տարվա ձախողումը։ Փորձագետը նաեւ հավելեց, որ Կրթության տեսչական մարմինը վերջերս ընտրովի մի քանի դպրոցում գրավոր աշխատանքներ է կազմակերպել, եւ արդյունքը խայտառակ վատ է եղել․ «Հայոց լեզու» առարկայից անբավարար գնահատական է ստացել աշակերտների 35 տոկոսը, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ 47 տոկոսը։
Ընդունելության քննությունների կարգի հետ կապված այլ խնդիրներ էլ կան, որոնց «Ալիք Մեդիան» կանդրադառնա առաջիկայում։