ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Ադրբեջանի կառավարության հրավերով հուլիսի 10-ին մեկնել Ադրբեջանի վերահսկողությանն անցած՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի:
Ուղեւորությանը մասնակցել են 46 պետությունների դեսպաններ, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիեւի անձնական հանձնարարությամբ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանների ՝ այցից հրաժարաումը ցնցել է Ադրբեջանի կառավարությաննը ու հայսարակությանը: Նրան այդ քայլը որակվել է դեմարշ եւ «հայամետ» դիրքորոշման վկայություն:
«Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ամբողջ ադրբեջանական հասարակությանը»,- հայտարարել է Հաջիեւը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների շարունակմանը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, սակայն Ալիեւն այն կարծիքին է, որ հարցը լուծված է 44-օրյա պատերազմի արդյունքում: