Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Թուրքմենստանը արդեն մի քանի օր շարունակ ծանր զրահատեխնիկա է կենտրոնացնում Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Սերհեթաբադ (նախկին Քուշքա) քաղաքի մերձակայքում։
Վերջին օրերին Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով տեղակայվել են տանկեր, զրահամեքենաներ եւ ծանր հրետանի։ Տեղական բնակչության պնդմամբ սահմանի ուղղությամբ նաեւ առնվազն ութ բեռնատարով զորաշարժ է նկատվել։
Ըստ գործակալության՝ պաշտոնական Աշխաբադը նման քայլերի է դիմում` Աֆղանստանում ծավալվող անկանխատեսելի իրադարձություններով պայմանավորված։ Վերջին մի քանի օրերին «Թալիբան» շարժման զինյալներին հաջողվել է ընդհուպ մոտենալ Թուրքմենստանի տարածքին՝ գրավելով այդ երկրի սահմանամերձ Թորգունդի քաղաքը։
Թարմացում.
Թուրքմենստանի ԱԳՆ-ն հերքել է ռուսական զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես РБК հեռուստաալիքի տարածած վերոնշյալ տեղեկությունը՝ որակելով դա իբրեւ ապատեղեկատվություն:
Ավելին՝ պաշտոնական Աշխաբադը «թուրքմենա-աֆղանական սահմանը համարել եւ համարում է բարեկամության եւ համագործակցության սահման»: