Երեւանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել են նաեւ Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը եւ թոռնուհին՝ Գոհար Չարենցը:
Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը որպես օրինակ բերելով բանաստեղծի պատվաստված շառավիղներին, չպատվաստված քաղաքացիներին հորդորել է վստահել մասնագետներին:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ ապրիլի 13-ին պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին չափաքանակը` 77449 մարդու, երկրորդ չափաքանակը` 30658 մարդու։
Նախարարությունը հիշեցրել է, որ Հայաստանում կա երեք պատվաստանյութ՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» եւ «Կորոնավակ»: Պատվաստումները կատարվում են 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն անվճար են: ՀՀ-ում պատվաստվում են նաեւ օտարերկրյա քաղաքացիները, որոնց թվաքանակի վերաբերյալ վիճակագրություն չի հրապարակվում:
Վրաստանում երեք անգամ ավելի
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ հարեւան Վրաստանում, որտեղ պատվաստումները կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկնարկել են մարտի 15-ից, հուլիսի 12-ի դրությամբ ընդհանուր հաշվով իրականացվել է 303407 պատվաստում:
Ամբողջական (երկու չափաքանակ) պատվաստում ստացել է 119 379 քաղաքացի: Վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է 1019 պատվաստում:
Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ հուլիսից օրական պատվաստումների քանակը պետք է հասնի 20-25 հազարի, սակայն հուլիսյան առաջին օրերն այդ առումով խոստումնալից չեն: