Վրաստանում այսօր առավոտից իրավիճակը լարված է խորհրդարանի մուտքերի դիմաց:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ Վրաստանի խորհրդարանի մոտ մոբիլիզացված ոստիկանությունը ընդդիմադիր պատգամավորներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չէր տալիս մուտք գործել խորհրդարան: Ավելի ուշ վերջիններիս հաջողվել է մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ:
Ընդդիմադիր պատգամավորները գրավել են խորհրդարանի նախագահի աթոռը եւ հայտարարել, որ կխոչընդոտեն խորհրդարանի աշխատանքը, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել: Ցուցարարները կառավարությանը վերջնագիր էին տվել, որ լրացել է այսօր՝ ժամը 12:00-ին:
Այնուհետու ծեծկռտուք է սկսվել «Միացյալ ազգային շարժում» ու «Ագմաշանեբելի ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցությունների նախագահների եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների միջև։ Նիստն ընդհատվել է։ Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է բաժանել կռվի մասնակիցներին։
Ինքը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: Նա պնդել է, որ այս ամենը Սաակաշվիլիի կողմից կազմակերպված դավադրության ծրագիր էր, որը չիրականացավ՝ հուլիսի 5-ի իրադարձությունների համար մեղադրելով նախկին իշխանություններին եւ «ռադիկալ ընդդիմությանը»:
Ավանդական արժեքների պաշտպանների «ավանդական» միջոցները
ԼԳԲՏ-հանրակցության «Թբիլիսի փրայդ» կազմակերպությունը հուլիսի 5-ին ծրագրել էր երթ կազմակերպել Թբիլիսիում: Դրա դեմ կտրականապես հանդես են եկել ավանդական արժեքների պաշտպանները, որոնք առավոտից սկսել են հավաքվել Ռուսթավելիի պողոտայում: Ավելի ուշ նրանք գնացել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ առավել ագրեսիվ տրամադրված անձինք սկսել են հարձակվել լրագրողների վրա՝ նրանց մեղադրելով սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին աջակցելու մեջ:
Տուժել է զանգվածային լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչ: Ոստիկանությունը լրագրողներին ծեծելու գործով ձերբակալել է 20 մարդու:
Դաժան ծեծի ենթարկված Լեքսո Լաշկարավային՝ TV Pirveli հեռուստաընկերության օպերատորին, երեկ Թբիլիսիում իր տանը մահացած են գտել: Լաշկարավային հուլիսի 8-ին էին դուրս գրել հիվանդանոցից, որտեղ նրան տարել էին միջադեպից հետո: Օպերատորի մահը լայն արձանգանք է գտել վրացական հասարակության մեջ:
Լրագրողի մահվանն անմիջապես արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խոստանալով, որ ներքին գործերի նախարարությունն արագացված կարգով կհետաքննի նրա մահվան պատճառները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Լաշկարավայի հարազատներին: «Սա մեծ ողբերգություն է մեր երկրի, անձամբ ինձ համար, էլ չասած՝ Լաշկարավայի ընտանիքի մասին։ Դեպքի բոլոր հանգամանքները մանրազնին պետք է հետաքննվեն, եւ բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
Հստակ քայլեր չձեռնարկելու հետեւանքը
Վրացական ընդդիմությունը եւ լրագրողական համայնքը համոզված են, որ եթե հուլիսի 5-ին ոստիկանությունը հստակ քայլեր ձեռնարկեր՝ թույլ չտալով, որ ազգայնականները բռնություն գործադրեն լրագրողների նկատմամբ, Լեքսո Լաշկարավան այսօր ողջ կլիներ։
Երեկ զանգվածային հանրահավաք է անցկացվել խորհրդարանի մոտ՝ կառավարության հրաժարականի պահանջով: Լրագրողների կողմից կազմակերպված ցույցի ընթացքում ցուցարարները պահանջել են Ղարիբաշվիլիի հրաժարականը:
Անհապաղ եւ արդյունավետ արձագանքելու պահանջ
Վրաստանում գործող լրատվամիջոցները օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել՝ դիմելով դիվանագիտական կորպուսին:
«Մենք դիմում ենք Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` անհապաղ եւ արդյունավետ արձագանքել հուլիսի 5-ին Ռուսթավելի պողոտայում ԶԼՄ-ի ներկայացուցիչների նպատակային հետապնդմանը, առողջությանը վնաս պատճառելու փաստերին, մասնագիտական գործունեության խոչընդոտմանը, նաեւ Վրաստանի իշխանությունների անգործությանը»,- ասված է շուրջ 70 լրատվամիջոցների տարածած հայտարարության մեջ, որին միացել է նաեւ «Ալիք Մեդիա Վրաստանը»:
Վրաստանի խորհրդարանի դիմաց այսօր՝ 18:00-ին, կրկին կանցկացվի լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության բողոքի ցույցը:
Վրաստանում հավատարմագրված 18 դիվանագիտական առաքելություններ եւ Եվրոպական միությունը դատապարտել են բռնությունը եւ Վրաստանի կառավարությանը կոչ արել ապահովելու խաղաղ հավաքներ կազմակերպելու մարդկանց սահմանադրական իրավունքը: