Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հյուսիսային Ամերիկայում ծայրաստիճան շոգը մի քանի հարյուր միլիոն փափկամարմինների եւ ծովային այլ կենդանիների ոչնչացման պատճառ է դարձել: Իրավիճակը տագնապալից է մայրցամաքի հարավարեւմտյան Բրիտանական Կոլումբիայի եւ հյուսիսարեւմտյան Ամերիկայի հատվածներում:
Կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել բնապահպանների շրջանում: Ըստ ամերիկյան Axius լրատվական գործակալության՝ ծովային կենսաբան Քրիս Հարլին մոտ մեկ միլիարդ մանր ծովային կենդանիների ոչնչացման փաստի մեջ տարածաշրջանի էկոհամակարգի փոփոխման սպառնալիք է տեսնում:
Բրիտանական Կոլումբիայում վերջին օրերին շուրջ 50°C ջերմաստիճան է գրանցվել: Ուժեղ շոգը, որոշ տվյալներով, խլել է առնվազն 500 մարդու կյանք: Կանադայի արեւմտյան այդ նահանգի որոշ քաղաքների ու գյուղերի բնակիչներ կառավարության օժանդակությամբ տարհանվել են: