Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում հայ է պայթել ականի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի (Մարտունու շրջան) հատվածում, տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները: Չի բացառվում, որ վիրավորին կփոխանցեն ռուս խաղաղապահներին։
«Սպուտնիկ Արմենիայի» աղբյուրը Ստեփանակերտից հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում զոհվածների մարմինների եւ անհետ կորածների որոնման ժամանակ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել նրան, ցավազրկել, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել:
Ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են նախ մինչեւ Մարտունու հոսպիտալ, ապա՝ Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են: Նա ականի պայթյունի հետևանքով կորցրել է ոտնաթաթը։ Տղամարդը դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։
Նշենք, որ այսօրվա որոնողական աշխատանքները ոչ մի արդյունք չեն տվել։
«Սպուտնիկ Ադրբեջանը» հայտնել է նաեւ, որ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում՝ Ֆիզուլիում (Վարանդա), ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Տուժածը Եվլախի շրջանի բնակիչ Էլշան Խալիլովն է, որը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ավելի վաղ, ըստ նույն աղբյուրի, Ֆիզուլիում եւս 2 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Ադրբեջանի քաղաքացիներ Նուրու Նուրիեւն ու Էլնուր Հաշիմովը, շրջանցելով հսկիչ անցակետերը, ոտքով ապօրինաբար անցել են տարածքով ու պայթել ականի վրա, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներ են ստացել։
Ադրբեջանցի զինծառայողները փորձել են տուժածներին անվտանգ տարհանել։ Տուժածներից մեկը` Նուրու Նուրիեւը, դեռեւս փետրվարին ապօրինի մուտք էր գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, որի համար ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են եւ 30 օր կալանավորել: