Արարատի մարզի Դաշտավան գյուղի ճամփեզրին` շինանյութի խանութներից մեկի դիմաց, վաճառքի են դրված մետաղյա ծաղկամաններ, ծաղկամանների տակդիրներ: Շուշիի բնակիչները Սամվել Ներսեսյանի աշխատանքներին քաջածանոթ էին, 10 տարուց ավելի նա քաղաքի իր արհեստանոցում երկաթե խողովակներին ձեւ ու կյանք էր հաղորդում: Դարբնությունը Սամվելի հիմնական զբաղմունքը չէր, նախասիրությունը հավելյալ գումար վաստակելու միջոց էր դարձրել: Երկար տարիներ Սամվելն աշխատել է Արցախի թեմում. ե՛ւ շինարարությամբ էր զբաղվում, ե՛ւ եռակցման աշխատանքներ էր անում:
«Կանաչ Ժամի, Ամարասի, Ասկերանի, Մարտակերտի եկեղեցիների շինարարությանն եմ մասնակցել: Շուշին ազատագրելուց հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի խաչը ես եմ տեղադրել»,- հպարտությամբ պատմում է Սամվել Ներսեսյանն ու ցույց տալիս տեսանյութի կադրերը: Թեմում աշխատելուց հետո ջրի սպասարկման ոլորտում էր աշխատանք գտել:
50-ամյա Սամվել Ներսեսյանն արդեն երրորդ անգամ է տեղահանվում. 19 տարեկան էր, երբ ծննդավայր Բաքվից գաղթեց Հայաստան, ծնողների հետ հաստատվեց Արթիկում։ Առողջական խնդիրների պատճառով խորհրդային բանակում չծառայած Սամվելը վճռեց կամավորագրվել եւ մեկնել Արցախ: Մասնակցեց Շուշիի ազատագրմանը, այնտեղ էլ հետագայում տուն ստացավ, ընտանիք կազմեց, երեք որդի ու դուստր ունեցավ:
«Շուշիի տներն այդ ժամանակ մեծ մասամբ ավերակ էին, մեր տունը նորմալ վիճակում էր, 3 սենյականոց բնակարան էր, եկանք Շուշի, վերանորոգեցինք տունը, այն հույսով, որ գաղթի ճամփան այլեւս չենք բռնելու»,- պատմում է նա:
Այս պատերազմում դարձյալ Սամվել Ներսեսյանը չերկմտեց, զենք վերցրեց, Շուշիի տարեց կամավորականների ջոկատին միացավ, բայց անընդմեջ ռմբակոծվող քաղաքի ջրատար խողովակները նորոգելու հարցում նրա կարիքն առավել էր զգացվում: «Ամսի վեցին, երբ մինամյոտը [ականանետը] խփեց Շուշիին, արդեն պարզ էր , որ նրանք մոտ են, նախկինում միայն «Սմերչի» հարվածներն էին հասնում, բայց ամսի վեցի առավոտյան այլ էր իրավիճակը: Նույն օրը հրաման եկավ՝ իջնելու Ստեփանակերտ, ամսի 10-ին, երբ ամեն բան վերջացավ, ճանապարհվեցինք Հայաստան»:
Ծաղկաձորի հյուրանոցից Դաշտավան գյուղ են տեղափոխվել, վարձակալությամբ են բնակվում, գումարի մի մասը պետությունն է փոխհատուցում: Ավագ որդին՝ Վահանը, նոր է զորացրվել, երկու օր է՝ տան հյուրերի համար սեղանը չի հավաքվում, բոլոր կենացները խաղաղության ու Վահանի վերադարձի համար են:
Վահանը մեկուկես տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:
«Շուշին կորցնելն էր ծանր: Դրա նախորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, ծնունդս էր, իմացա, որ Շուշի են մտել, վատ է վիճակը, անմիջապես պապային զանգեցի, հերքեց, ինձ խնայում էր գուցե: 9-ի առավոտյան արթնացանք. կրակոց չկար, զանգեցին, ասեցին՝ հողերը տվել են, պետք է Աղդամից էլ դուրս գաք, վերջնաժամկետը ամսի 18-ն էր: Դիրքերը քանդեցինք, հնարավոր ամեն բան հանեցինք, դուրս եկանք»,- ծառայության օրերը մեծ ցավով է հիշում Վահանը, որ պատերազմում կորցրել է մանկության ընկերոջն ու եղբորը:
Մինչեւ ծառայության մեկնելը Վահանը արհեստագործական ուսումնարանի սանտեխնիկայի, ջերմային էներգետիկայի բաժնում էր սովորում, կարճ ժամանակ էլ «Արփի սոլարում» արեւային համակարգ էր տեղադրում։ Հիմա միջավայրին է վարժվում, հետո արդեն նույն ոլորտում աշխատանք կփնտրի, ընտանիքի հոգսերը թեթեւացնելու համար պատրաստ է ցանկացած գործի:
Իսկ ընտանիքի խնդիրները շատ են, եկամտի միակ աղբյուրը, բացի պետության տրամադրած ամենամսյա գումարից, դուստրն է ապահովում: Նորան ամեն օր Դաշտավանից Երեւան աշխատանքի է գնում, մթերային խանութում է աշխատում, մի նախասիրություն էլ ունի, որը թեեւ քիչ, բայց գումար բերում է. տիկնիկների, խաղալիքների ու պայուսակների պատվերներ է ընդունում:
Անհրապույր, նվազագույն պայմաններից զուրկ տան ամեն անկյունում Սամվելի հաստոցներն են, գործիքները, մեծ մասը՝ ինքնաշեն: «Էն հասարակ բալգարկեն [անկյունային հղկիչ մեքենա], որ կարող էի հետս բերել, չբերեցի, թողեցի տանը. եռակցման սարք, բալգարկա, ինչ անհրաժեշտ է դարբնին, ես էի սարքել, հիմա նորից այստեղ ստիպված սարքում եմ»:
Պատրաստի մետաղյա ծաղկամանները, պատին ամրացվող դարակները՝ թե՛ զարդանախշերով, թե՛ մինիմալիստական ոճի, սպասում են իրենց գնորդներին: Ցանկացած ճաշակի աշխատանք հնարավոր է պատվիրել, գներն էլ շուկայականից մատչելի են: Ի դեպ, ծաղկամանների ոճի, ձևի ընտրության հարցում հուշել է «ԱՄԻԱ» հկ , որի հետ համագործակցում է Սամվելը:
«Ինտերնետում հազար ու մի տարբերակ կա, մի քիչ փոփոխում եմ, համադրում սեփական գաղափարներն ու մտքերը, հետաքրքիր մի բան ստացվում է: Վաճառում էի Շուշիում, ազատ օրերին դարբնություն էի անում, սիրում եմ այս գործը. կարեւորը երկաթի լեզուն գտնես, ամեն ինչ կստացվի»,- ասում է Սամվելը:
Պատերազմից առաջ ֆեյսբուքյան էջ էր բացել, մի քանի գործ հավաքել՝ տեսականի ցուցադրելու համար: «Պատերազմից հետո սկսեցին զանգել, պատվիրել, ասացի՝ ուշ է, ամբողջը Շուշիում եմ թողել»,- ասում է Սամվելը:
Սոցապ նախարարություն, զբաղվածության կենտրոններ, հնարավոր ամեն դուռ թակել է աշխատանք գտնելու համար, դեռեւս արձագանք չկա: «Այստեղ մի տուն կար, տաք ջրի գիծ քաշեցի, մոնտաժ արեցի, սանտեխնիկայի գործ էլ եմ անում, բայց հիմնարկներում դեռ գործ չկա, ասել են՝ սպասեք, սպասում ենք»:
Դարբնությունը, թերեւս, ընտանիքի հոր գումար վաստակելու միակ միջոցն է, անգործ չի կարողանում նստել:
«Կծախվի՝ կծախվի, մի օգուտ կլինի, դեռ պետության տրամադրած գումարներով ենք հոգում ընտանիքի հացի խնդիրը, բայց դա էլ է ժամանակավոր: Մինչեւ ե՞րբ հույսդ դնես պետության վրա, այդպես չի լինի, պետք է ինչ-որ բան անել: Մի խնդիր կա պարզապես, եթե մի բան սարքում եմ ու չի վաճառվում, հուսահատվում եմ, կանգ եմ առնում, արդեն անիմաստ է դառնում նյութերի վրա գումար ծախսելը: Մեր ամեն դրամը հաշված է, պետք է վաճառվի, որ վաճառքից ստացված գումարով նյութ գնեմ, նորը սարքեմ, նյութն էլ թանկացել է, 1 սանտիմետր քառակուսի խողովակի արժեքը նախկինում 340 դրամ էր, հիմա արդեն 480 է դարձել: Մինչեւ չվաճառվի, չեմ կարողանա շարունակել»,- ասում է Սամվելը ու եռակցում ձեռքի տակ ունեցած վերջին մետաղական ձողերը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։