ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսների եւ ուկրաինացիների պատմական միասնության մասին» իր վերլուծական հոդվածում շարադրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հանդեպ իր վերաբերմունքը: Հոդվածի ամբողջական տեքստը զետեղված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Վլադիմիր Պուտինը, այսպիսով, իրականացրել է վերջին ուղիղ կապի ժամանակ ռուս-ուկրաինական հարաբերությունների թեմայով հոդված գրելու՝ իր տված խոստումը: Հոդվածը լույս է տեսել նաեւ ուկրաիներեն։
Երկու պետությունների միջեւ գոյացած պատը՝ ողբերգություն
ՌԴ նախագահը հոդվածում ընդգծել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը՝ իբրեւ պետություն, հնարավոր է միայն Ռուսաստանի հետ գործընկերության դեպքում։ Իսկ վերջին տարիներին երկու պետությունների միջեւ գոյացած պատը նա ընկալում է սոսկ որպես ընդհանուր դժբախտություն եւ ողբերգություն։
Սխալների հետեւանք
«Սա նախեւառաջ տարբեր ժամանակահատվածներում թույլ տված մեր սխալների հետեւանքն է։ Միեւնույն ժամանակ նաեւ մեր միասնությունը մշտապես խաթարել ձգտող ուժերի նպատակադրված աշխատանքի հետեւանքը։ Բանաձեւ, որը, հայտնի է, կիրառվում է անհիշելի ժամանակներից. բաժանի՛ր եւ տիրի՛ր։ Նոր բան չկա»,- ընդգծել է Պուտինը։
Ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները՝ մի ամբողջություն
ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում միլիոնավոր մարդկանց համար «հակա-Ռուսաստան» նախագիծը պարզապես անընդունելի է։ Պուտինն ընդգծել է, որ ռուս եւ ուկրաինացի ժողովուրդներին մի ամբողջություն է համարում։
Իսկ Ուկրաինան այսօր լիակատար արտաքին կառավարման հանձնած ուժերին ավելորդ չի լինի հիշեցնելը, որ ժամանակին`1918-ին ընդունած նման որոշումը ճակատագրական էր Կիեւում իշխող ռեժիմի համար։
Նախանձելի միասնական տնտեսական համակարգը
Պուտինի պնդմամբ`Ուկրաինան ու Ռուսաստանը դարերով, տասնամյակներով զարգանում էին որպես միասնական տնտեսական համակարգ։ 30 տարի առաջ երկու պետությունների միջեւ ստեղծված համագործակցության խորությանն այսօր կարող էին նախանձել ԵՄ–ի երկրները։
Ուկրաինան վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մեջ
Անդրադառնալով ժամանակակից գործընթացներին` ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինային քայլ առ քայլ ներքաշում էին աշխարհաքաղաքական վտանգավոր խաղի մեջ, որի նպատակն էր երկիրը խոչընդոտ դարձնել Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, պլացդարմ՝ Ռուսաստանի դեմ։
Ռուսաստանը բաց է
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն այսօր բաց է Ուկրաինայի հետ երկխոսություն վարելու համար եւ պատրաստ է քննարկելու ամենաբարդ հարցերը։ Բայց կարեւոր է հասկանալը, որ գործընկերը սեփական ազգային շահերն է պաշտպանում, այլ ոչ թե սպասարկում այլոց շահերը, գործիք չէ որեւէ մեկի ձեռքին ՌԴ-ի հետ պայքարելու համար։
Ըստ Պուտինի` Ռուսաստանի եւ Ուկրաինայի հոգեւոր, մարդկային, քաղաքակրթական կապերը ձեւավորվել են հարյուրամյակներով, սկիզբ են առնում նույն աղբյուրից, կոփվել են ընդհանուր փորձություններում, ձեռքբերումներում եւ հաղթանակներում։
Պետք է որոշեն Ուկրաինայի քաղաքացիները
«Միասին մենք միշտ եղել ենք ու կլինենք բազմակի անգամներ ավելի ուժեղ եւ հաջողակ։ Չէ՞ որ մենք մեկ ժողովուրդ ենք։ Այսօր այս խոսքերը ոմանք թշնամաբար են ընդունում։ Կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։ Բայց շատերի համար իմ խոսքը լսելի կլինի։ Եվ կասեն մի բան` Ռուսաստանը երբեք «հակա-Ուկրաինա» չի եղել եւ չի լինի։ Իսկ ինչպիսին կլինի Ուկրաինան՝ պետք է որոշեն նրա քաղաքացիները»,- ասված է հոդվածում։
Պատմական Ռուսաստանի հաշվին
ՌԴ նախագահը պատմական էքսկուրս է անում`ապացուցելով, որ ե՛ւ ռուսները, ե՛ւ ուկրաինացիները, ե՛ւ բելառուսները Հին Ռուսիայի՝ Եվրոպայի խոշորագույն պետության ժառանգներն են։ Պուտինը ժամանակակից ուկրաինական պետությունը լիովին խորհրդային դարաշրջանի զավակ է համարում։ «Գիտենք եւ հիշում ենք. այն մեծապես ստեղծվել է պատմական Ռուսաստանի հաշվին»,- գրել է ՌԴ նախագահը։
Հանուն ինչի
«Անշուշտ, մասնատվածության բազում դարերի, տարբեր պետություններում ապրելու ընթացքում ի հայտ են եկել կրոնական ու լեզվական առանձնահատկություններ ու խոսվածք: Գրական լեզուն հարստանում էր ժողովրդախոսակցական լեզվի հաշվին: Այստեղ մեծ դեր են խաղացել Իվան Կոտլյարեւսկին, Գրիգորի Սկովորոդան, Տարաս Շեւչենկոն: Նրանց ստեղծագործությունները մեր գրական եւ մշակութային ընդհանուր սեփականությունն են: Տարաս Շեւչենկոյի բանաստեղծությունները ստեղծվել են ուկրաիներենով, իսկ արձակը՝ հիմնականում ռուսերենով: Պոլտավայում ծնված եւ Ռուսաստանի մեծ հայրենասերի՝ Նիկոլայ Գոգոլի երկերը գրված են ռուսերենով, որոնք հարուստ են մալոռուսական ժողովրդական արտահայտություններով եւ ֆոլկլորային մոտիվներով: Ինչպե՞ս կարելի է իրարից անջատել այդ ժառանգությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Եվ հետո՝ հանուն ինչի՞ է պետք այդպես վարվել»,- գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հոդվածում: