«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում իր էջում գրել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ՌԴ խաղաղապահ զորախումբը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում ուխտավորներին Գանձասար եւ Ամարաս ուղեկցելու մասին։
Աբրահամյանը նշել է, որ պատերազմից հետո Արցախ չայցելած կամ Ադրբեջանի հետ շփման գծին չտիրապետող մարդու համար սույն հաղորդագրությունները կարող են տպավորություն ստեղծել, թե Գանձասարը եւ վանք ուղեւորվելու ճանապարհը ադրբեջանական վերահսկողության տակ է կամ շատ վտանգավոր է, դրա համար էլ այնտեղ գնում են խաղաղապահների ուղեկցմամբ։
Վերլուծաբանը շեշտել է, որ իսկապես՝ Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ամարաս ճանապարհի որոշ հատվածներ անցնում են ադրբեջանական դիրքերի ոչ այնքան մոտ հարեւանությամբ, այդուհանդերձ այդ հատվածում միջադեպերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն վերջին ժամանակներս չի արձանագրվել։
Նա հուշել է, որ Ամարասի ճանապարհն առավել անվտանգ է, օրինակ, Ստեփանակերտ-Ննգի-Ճարտար ուղղությամբ։
«Արցախի համապատասխան կառույցներն այս մասով պետք է աշխատեն ռուս խաղաղապահների հետ, բացատրեն, որ իրենց հաղորդագրությունները որոշակի շփոթմունքի առիթ են տալիս, ինչն իր հերթին կարող է վախ, մտահոգություններ առաջացնել Արցախ եկող զբոսաշրջիկների համար»,- ընդգծել է Աբրահամյանը: