Բրիտանական հեղինակավոր Telegraph պարբերականը «Պաղպաղակներ եւ բուրգեր վաճառող տաղավարներ՝ արյունից նոր մաքրված տանկերի ու սաղավարտների կողքին» խոսուն վերնագրով հոդվածով անդրադարձել է Բաքվի «ռազմավար» զբոսայգի-թանգարանին։
Հոդվածի հեղինակ Կոլին Ֆրիմանը ընթերցողներին հաղորդակից է դարձրել թանգարանից իր տպավորություններին` այն անվանելով «զարհուրելի»։
Հոդվածագրին ցնցել է Ադրբեջանի մայրաքաղաքում մեծահոգության ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը։
«Հաշտեցման ոգի բացարձակ չկա: Պուրակի ստեղծողները ոչ միայն մեծահոգություն չեն դրսեւորել, այլեւ ջանք չեն խնայել իրենց թշնամիներին նվաստացնելու համար, ստեղծել են հայկական զորքերի մանեկենները՝ չափազանցված տգեղ տեսքով։ Զարհուրելի է զոհված հայ զինվորներից վերցված 480 մետաղական սաղավարտների ցուցադրությունը, որոնցից ոմանց վրա փամփուշտներից եւ բեկորներից պատռված անցքեր կան»,- գրել է Ֆրիմանը։
Նկարագրելով պուրակը` հեղինակը նշել է, որ իր ուշադրությունը գրավել են այգու՝ կանաչ հայկական զինամթերքի տուփերից կառուցված նստարաններն ու հրետանային արկերից սարքված փողոցային լուսարձակները: Ֆրիմանն ընդգծել է, որ հայկական տանկերի ու զրահատեխնիկայի մի մասը ոչնչացվել է թուրքական Bayraktar անօդաչու հրթիռներով։
Telegraph-ը հիշեցրել է, որ պուրակի բացումը դատապարտել է Հայաստանի Կառավարությունը, այն դատապարտվել է մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի կառավարությանն է հղել թանգարանի վերաբերյալ բողոք-նամակ, որում նա այն անվանել է «անհանգստացնող եւ նվաստացուցիչ»:
Թեեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ թանգարան–պուրակը «խորհրդանշում է միջազգային իրավունքի եւ արդարության հաղթանակը», Telegraph-ի լրագրողը գրում է, որ մասնավոր զրույցներում նույնիսկ որոշ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ են անհանգստացած այգու ոճով: