ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Պետքարտուղարը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում վերջին տարիներին ՀՀ Կառավարության ձեռնարկած հետեւողական քայլերը:
Ըստ ՀՀ Կառավարության հաղորդագրության՝ Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել վարչապետի պաշտոնակատարի՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու եւ ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ գործադրած ջանքերը:
Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային՝ պետքարտուղարը հույժ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հակամարտության կայուն եւ երկարաժամկետ լուծում գտնելու հնարավորություն կտա: