Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ դեպքի առթիվ կապվել է լիազոր մարմինների հետ՝ եղելությունը ճշտելու համար:
Պաշտպանին տեղեկացրել են, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից կրակոցներ դեպի օդ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:
Ստեփանյանը հայտնել է նաեւ, որ մեր զինված ուժերի ձեռնարկած համապատասխան նախազգուշական քայլերից հետո ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ կրակոցների հետեւանքով տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն ապրիլի վերջին էր հաղորդագրություն տարածել` նշելով, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա արդեն ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի եւ սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: