Ըստ Haiti24 գործակալության՝ Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ հարձակման հետևանքով վիրավորված առաջին տիկին Մարտին Մոիզի առողջական վիճակը կայունանում է:
Ժոզեֆը հաստատել է, որ շաբաթ օրը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայիթիի զոհված նախագահ Ժովենել Մոիզի այրու հետ: Վարչապետի պաշտոնակատարը պատմել է, որ առաջին տիկինը վիրահատռությունից հետո առաջինն իրեն է զանգահարել:
Մարտին Մոիզը երեք վիրավորում է ստացել՝ ազդրին, նստատեղին եւ ձեռքին: ԱՄՆ-ում Հայիթիի դեսպան Էդմոնդ Բոկշոտը բրիտանական Reuters գործակալությանը տեղեկացրել է, որ նրան կայուն ծանր վիճակում տեղափոխել են Մայամիի հիվանդանոցներից մեկը, որտեղ անհապաղ վիրահատել են:
Լրատվամիջոցները դեռ նախագահ Մոիզի սպանության օրը գրել էին, որ Մարտինը ծայրահեղ ծանր վիճակում է: Telesur հեռուստաալիքն անգամ հաղորդել էր, որ նախագահի այրին ստացած վերքերից մահացել է: Սակայն լուրը շատ արագ հերքել էին Դոմինիկյան Հանրապետությունում Հայիթիի դեսպանության ներկայացուցիչները՝ հայտարարելով, որ նախագահ Ժովենել Մոիզի այրին ողջ է:
Դատաբժշկական փորձագետների՝ Հայիթիի զոհված նախագահ Ժովենել Մոիզին հերձելուց հետո հրապարակած ռենտգեն նկարներից երեւում է, որ նախագահ Մոիզը ստացել է 12 հրազենային վերք, իսկ նրա կրծքավանդակում մի քանի գնդակ է մնացել:
Ռենտգենի նկարներից մեկում էլ երեւում է, որ կրակել են նաեւ նախագահ Մոիզի ճակատոսկրի եւ գագաթոսկրի միջեւ: Հայիթիի քվեարկության եւ միջկուսակցական հարաբերությունների գծով նախարար Մաթիաս Պիեռի կարծիքով դա, հավանաբար, ստուգողական կրակոցից մնացած հետքն է: Կրակոցն, ըստ երեւույթին, արվել էր, երբ Մոիզը մեջքով ընկած է եղել հատակին: